ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ կունենան 110 պետության ղեկավարներ

Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում է զերծ պահել լրագրողներին Գլխավոր ասամբլեայի աշխատանքային գործընթացից։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ կունենան 110 պետության ղեկավարներ, 86 կառավարության ղեկավարներ և տարբեր երկրների արտաքին գործերի նախարարներ։ Օրեր առաջ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հաստատվել է նիստի ելույթների հերթականության նախնական ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացման արարողությանը Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփը։ Նյու Յորք կժամանեն նաև Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իրաքի, Աֆղանստանի ղեկավարները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Նիստի շրջանակներում իրականացվող քննարկումներին կմասնակցի նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Գլխավոր ասամբլեայի նիստը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին և կավարտվի հոկտեմբերի 1-ին։ Առաջինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իր խոսքը կուղղի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը։ Ըստ ավանդույթի՝ նիստին առաջինը ելույթ կունենա Բրազիլիան։ Նման ընթացակարգը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնում առաջին անգամ տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստին առաջինը ելույթ է ունեցել Բրազիլիայի դեսպանը։

Հատկանշական է, որ նույն օրը ելույթով հանդես կգա նաև Իրանի ներկայացուցիչը։ Ակընկալվում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը կարող է քննարկվել ինչպես ելույթների, այնպես էլ՝ նիստի շրջանակներում իրականացվող երկկողմ հանդիպումների ժամանակ: