Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հնարավոր է վարկ տրամադրի Հայաստանին նոր կառավարության ծրագրերի խթանման, բարեփոխումների իրականացման և արտաքին ցնցումների նկատմամբ կայունության ամրապնդման համար՝ 250 մլն դոլար գումարի չափով։ Այս մասին տեղեկացրել է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության մամուլի ծառայությունը:
Տեղեկությունների համաձայն՝ Հայաստանին ֆինանսավորում տրամադրելու մասին համաձայնագիրը ԱՄՀ-ի կողմից հայտարարվել է սույն տարվա փետրվարի 26-ին: Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը կքննարկի համաձայնագիրը մայիսին:
Fitch-ը նշել է, որ ԱՄՀ-ի հետ Հայաստանի պայմանավորվածությունը հաստատում է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները համապատասխանում են ԱՄՀ-ի ակնկալիքներին, որոնք վերաբերում են ողջամիտ ֆիսկալ քաղաքականության և բարեփոխումների վրա հիմնված մոտեցմանը: Գործակալության վերլուծաբանները նաև նշել են, որ միջազգային ֆինանսական կառույցների և գործընկերների կողմից աջակցությունը մեծացնում է Հայաստանի քաղաքականության նկատմամբ վստահությունը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին։ Հանդիպման ժամանակ վերջինս նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումներն իրականացնելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը՝ Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, այս տարվա փետրվարի 12-ից 26-ն այցելել է Երևան՝ ԱՄՀ-ի կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ եռամյա տնտեսական ծրագիրը քննարկելու և IV Հոդվածի շուրջ 2019 թ. խորհրդակցություններն անցկացնելու համար: Նրա հավաստմամբ, այդ ծրագրերը նպատակաուղղված են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման համար ծանրակշիռ քաղաքականությունների վարմանը և ներառական աճի խթանման համար բարեփոխումների առաջ մղմանը: