«Եվրոմակ Մետալ» ՍՊԸ ընկերությունն ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության

Դիմումատուն՝ «Եվրոմակ Մետալ» ՍՊԸ ընկերությունը, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, որը հիմնվել է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում և զբաղվել է մետաղի ջարդոնի առուվաճառքի գործունեությամբ։ 2017 թվականին Դիմումատու ընկերությունը դուրս է եկել Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի հաշվառումից և դադարեցրել է իր գործունեությունը։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ընկերությունից Ավելացված արժեքի հարկ գանձելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է նախկինում Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման պարտավորությունից ազատված ընկերությունից ԱԱՀ գանձելու կարգադրության մասին։

Հիմք ընդունելով 2009 թվականին Մակեդոնիայի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի անցկացրած ստուգումները՝ համապատասխան մարմինները ծանուցել են Դիմումատու ընկերությանը, որ այն սխալներ է թույլ տվել ապրանքների մատակարարման վերաբերյալ ԱԱՀ հարկերի հայտարարագրի հաշվարկներում։ Մասնավորապես՝ սխալներ են տեղի ունեցել, քանի որ մատակարարները չեն հայտարարագրել կամ վճարել հարկերը պետական բյուջե՝ ապրանքների մատակարարման, ներմուծման, դրանց արտադրության, շրջանառության, ինչպես նաև այլ ծառայությունների մատուցման համար։  Հետևաբար, Դիմումատու ընկերությունը չի կարողացել ստանալ ԱԱՀ վճարման նվազեցումներից իր այն շահույթը, որը ստացել է նախկինում։ Հետագայում, Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած աուդիտի արդյունքները հաստատվել են նաև համապատասխան ներպետական մարմինների, իրավապահ մարմինների և Մակեդոնիայի Հանրապետության Վարչական դատարանի կողմից։

Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի  (սեփականության իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ «Եվրոմակ Մետալ» ՍՊԸ ընկերությունն ամբողջությամբ կատարել է իր հարկային պարտավորությունները և իր համար սահմանված Ավելացված արժեքի հարկի վճարման բոլոր պարտականությունները, սակայն տեղի իշխանությունները որոշում են կայացրել՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հիման վրա, այն է՝ մատակարարների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատու ընկերության հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական)  վնասի համար Դիմումատու ընկերության բաժնետերերին վճարել 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։