Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի հայաշատ Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատայինները: Տեղացիները ցանկացել են 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել՝ իրենց նախնիների ոսկորների մնացորդների վրա, բայց ոստիկանությունը թույլ չի տվել, նշելով, որ նման հրահանգ ունեն: Գումբուրդո գյուղի բնակիչները միանշանակ չեն ընդունել այս փաստը, ինչ էլ ծեծկռտուքի առիթ է հանդիսացել: Ոստիկանները մահակներով դաժան ծեծի են ենթարկել հայ գյուղացիներին, ապա հրազենից օդ կրակել, տեղացիներն էլ իրենց հերթին քարերով պաշտպանվել են: Արդյունքում ձերբակալվել է 2 հոգի, տուժել՝ 4 վրացի ոստիկան, իսկ վիրավոր գյուղացիների թիվը մնում է անհայտ, քանի որ նրանցից ոչ ոք հիվանդանոց չի դիմել:
«2016թ-ին, երբ եկեղեցին վերանորոգման աշխատաներ էր իրականացնում, տեղացիներն իրենց նախնիների ոսկորները հայտնաբերեցին, վերահուղարկավորելուց հետո ցանկացան նշված տեղում խաչքար կանգնեցնել՝ ի հիշատակ նախնիների, որն էլ բախման հանգեցրեց»,- մանրամասնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նույն օրը երեկոյան Գումբուրդո գյուղ այցելեց Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգերբիշվիլին և հանդիպեց գյուղացիների հետ: Նա խոստացավ, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն, իսկ հատուկ ջոկատայինները՝ կհեռանան, փոխարենը գյուղացիներն էլ պետք է ցրվեն և բացեն փողոցը: Նախարարը հայտարարեց, որ Խաչքարի տեղադրման հարցը կլուծվի վրացական և հայկական եկեղեցիների միջեկեղեցական երկխոսության շրջանակներում:
«Այս պահի դրությամբ մի քանի կետերով հարուցված է քրեական գործ այն բնակիչների հանդեպ, որոնք դիմադրություն են ցուցաբերել հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված բռնությանը:
Հիշենք նաև, որ հոկտեմբերի վերջ Վրաստանում անցկացվելու է ինքնավար մարմինների ընտրությունները, որտեղ ակտիվ մրցակցություն է ընթանում: Թեկնածուներն այցելում են շրջաններ և տեղացիներին ծանոթացնում իրենց ծրագրերին: Այս ամբողջ պատմությունը կարող է լինել նաև ներքաղաքական գործընթացների մի մաս»,- նշեց բանախոսը:
Տարածաշրջանում այս բախումը չէր կարող անարձագանք մնալ, հատկապես Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական մամուլն իր նյութերում անընդհատ նշում էր, որ «հայերը մնում են հայ», «հայերն ագրեսիվ են», «հայ-վրացական բախում է տեղի ունեցել» և այլն:
Այսօր դեռևս անհայտ է. արդյո՞ք խաչքարը մնացել է, թե՞ այնուամենայնիվ հեռացրել են տարածքից:
«Այս հարցը վրացական իշխանությունները թողել են ընտրություններից հետո: Արդեն պայմանավորվածություն կա հոգևորականների միջև, որ խաչքարն այդտեղ դրվելու է: Սա շատ կարևոր է, ցույց է տալիս, որ կողմերը կարողացել են ընդհանուր մի հայտարարի գալ: Կողմերն ավելի շուտ պետք է կլոր սեղանի շուրջ նստեին և խնդրին լուծում տային: Նման միջադեպերը չպետք է դառնան միջպետական հարաբերությունների լուծման ուղի»,- իր խոսքն ավարտեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Ռոզա Վարդանյան