Հալիլ Քանալն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Հալիլ Քանալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1938 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2014 թվականի հունիսի 22-ին։ Դիմումատուի մահվանից հետո նրա ժառանգները ներկայացված բողոքի քննությունը շարունակելու ցանկություն են հայտնել։ 

Գործը վերաբերում է բժշկական անփութության մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է շագանակագեղձի քաղցկեղի հեռացման վիրահատության ժամանակ հիվանդանոցի բժշկական անձնակազմի թույլ տված սխալի պատճառով առաջացած հետևանքների մասին։ 

Վիրահատությունից հետո Դիմումատուի մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել, սակայն բժիշկները չեն կարողացել կարգավորել նրա առողջական վիճակը։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարան իր վիրահատությունը կատարած բժիշկների դեմ՝ մեղադրելով նրանց բժշկական սխալ թույլ տալու մեջ, սակայն, ապարդյուն։ Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժվել է, բժիշկների դեմ երբեք գործ չի հարուցվել, և նրանք պատասխանատվության չեն ենթարկվել։ 

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ վիրահատությունը վնասակար հետևանքներ է առաջացրել իր առողջության համար, ինչը նաև հանգեցրել է ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի խախտմանը։ Դիմումատուն բողոքել է նաև բժիշկների դեմ իր ներկայացրած հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վերջինիս բոլոր ժառանգներին միասին վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ