ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեյի՝ 2017թ. հուլիսի 27-ին՝ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին կան կրակոցների հետքեր:
Նախնական քննությամբ պարզվել է, որ բնակարանը պատկանում է 1975թ. ծնված Արթուր Հարությունյանին (Պալաչ մականվամբ), ով իր ընտանիքի հետ միասին մեկնել է ՀՀ-ից, իսկ բնակարանի բանալին գտնվել է եղբոր մոտ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական, հետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: