Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որի ժամանակ քննարկվել է պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները:
Պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։
Հանձնարարվել է նաև պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում մինչև տարեվերջ ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Առողջապահության նախարարությունը 3-շաբաթյա ժամկետում պետք է կատարի նաև թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնի համապատասխան առաջարկություն։