Կուրսանտի սպանության գործով վկան հրաժարվել է նախկինում տված իր ցուցմունքերից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով, ցուցմունք տվեց վկա Խաչիկ Մինասյանը:

Դիմելով դատարանին վկան հայտնեց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին, որոնց հետ ունեցել է ընկերական հարաբերություններ, սակայն չի ցանկանում ցեուցմունք տալ, քանի որ բացարձակապես ոչինչ չի հիշում դեպքից, բացի այդ հրաժարվել է նախկինում տված իր ցուցմունքներից:

«Շատ ժամանակ է անցել, դրա համար չեմ կարող հիշել և ցուցմունք տալ: Ես իմ գրած բոլոր ցուցմունքերից հրաժարվել եմ, հիմա ես ի՞նչ ցուցմունք տամ: Ես իրանց հետ կապված տեղեկատվություն ներկայումս չունեմ»,- իր խոսքում նշեց նա:

Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ վկային հորդորեց ցուցմունք տալ և պատմել այն ինչը հիշում է:

Վկա Խաչիկ Մինասյանը որոշեց ցուցմունք տալ և դատարանին հայտնեց, որ դեպքի օրը ինքը ոչ ոքի չի տեսել և ոչինչ չի նկատել՝ պառկել է քնելու: Միայն առավոտյան է իմացել, որ Հայկազը չկա, որից հետո սկսել են փնտրել նրան և գտել են պտտաձողից կախված վիճակում: Վկայի խոսքերով ինքը Հայկազին կախված վիճակում չի տեսել, միայն նրա տեղաշորն է տեսել, որը եղել է արյան մեջ կորած:

Այնուհետև պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին վկան հայտնեց, որ ինքը չի կարող բնութագրել ամբաստանյալներին, և նրանց մասին ինչ-որ բան ասել,  քանի որ վերջիններիս ճանաչել է ընդամենը 6 ամիս:

«Ծառայության ընթացքում իմ կարծիքը դրական է եղել նրանց մասին, իսկ Հայկազի հետ նրանք ունեցել են նորմալ հարաբերություններ»,-ավելացրեց վկան:

Այն հարցին, թե ինչո՞ւ է վկան հրաժարվել իր նախորդ ցուցմունքներից, վերջինս պատասխանեց, որ լարված է եղել մթնոլորտից և կատարված դեպքից, հետագայում խորհրդակցելով ծնողների հետ գիտակցել է, որ պատմել է այնպիսի բաներ, որոնք անձամբ չի տեսել: Փաստաբան Արա Զաքարյանի այն հարցին, թե որքա՞ն է տևել այդ հոգեկան խառնված վիճակը, վկան հայտնեց՝ «մինչ օրս»:

Վկայի խոսքերով դեպքի օրը ինքը  տեսել է միայն Նորիկ Սահակյանին՝ միջանցքում դաս անելուց:

Փաստաբան Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքները՝ էական հակասություններ նկատելով վերջինիս նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև:

Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն էլ դատարանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ ունի առողջական խնդիրներ և այլևս ի վիճակի չէ նիստին մասնակցելու:

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց հետաձգել գործի քննությունը, այն նշանակելով մարտի 26-ին:

Նշենք, որ հաջորդ նիստի ժամանակ կհրապարակվեն վկա Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքերը:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Մեկնաբանություններ