Կորոնավիրուսի համաճարակն արագորեն վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը մարդկության ճգնաժամ է, որն արագորեն վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում։

Գլխավոր քարտուղարի խոսքերով, սա վերջին տասնամյակների ամենամեծ միջազգային ճգնաժամն է: Համաճարակը առաջացրել է համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ․ ռասիզմ, պոպուլիզմ, ավտորիտարիզմ, խոցելի խմբերի վրա հարձակումներ և մարդու իրավունքների ոտնահարում: Գուտերրիշը նաև նշել է, որ համավարակի ժամանակ որոշ համայնքների վրա անհամաչափ ազդեցություն է նկատվում, ավելի հաճախ են ատելության խոսքեր հնչում, խոցելի խմբերը թիրախ են դառնում, և անվտանգության ոլորտում ծանր միջոցներ ձեռնարկելու վտանգ կա, որոնք խաթարում են միջոցառումները հանրային առողջապահության ոլորտում:

Նա նախազգուշացրել է, որ որոշ երկրներում ավելի հաճախ հանդիպող էթնիկ ազգայնականությունը, ավտորիտարիզմը և մարդու իրավունքների խախտումները կարող են համաճարակի հետ կապ չունեցող ռեպրեսիվ միջոցների հանգեցնել:

«Դա անընդունելի է: Լավագույն պատասխանն այն է, որը համահունչ է անմիջական սպառնալիքներին և, միևնույն ժամանակ, պաշտպանում է մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը», – ասել է գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ կառավարությունները պետք է միասնական լինեն և արագ արձագանքեն խնդիրներին: 

«Եվ եկե՛ք չմոռանանք, որ վիրուսն է սպառնալիք, ոչ թե ժողովուրդը։ Հարգելով մարդու իրավունքներն այս դժվարին պահին՝ մենք պետք է մշակենք ավելի արդյունավետ և համապարփակ լուծումներ արտակարգ իրավիճակների համար»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կառավարություններին թափանցիկ, հաշվետու և պատասխանատու լինել և շեշտել է լրատվամիջոցների, քաղաքացիական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ազատության անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ