Ասլան Իսմայիլովն ընդդեմ Ադրբեջանի

Դիմումատուն՝ Ասլան Զիյադդին օղլու Իսմայիլովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1958 թվականին և բնակվում է Բաքվում: Գործը վերաբերում է Դիմումատուին փաստաբանական գործունեության արտոնագրից զրկելու և աշխատանքից ազատելու մասին որոշմանը:

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է որպես փաստաբան և Ադրբեջանի Փաստաբանների պալատի անդամ է հանդիսացել։ 1996 թվականին նա հիմնել է իրավաբանական գրասենյակ, որը գործունեություն է ծավալել Բաքվում։ Դիմումատուն նաև քաղաքացիական ակտիվիստ է եղել և հաճախ հայտնվել է լրատվամիջոցներում: Նա բարձրաձայնել է սոցիալական բազմաթիվ խնդիրներ և քննադատել է իրավիճակը երկրի իրավական համակարգի և տարբեր պետական մարմինների գործունեության վերաբերյալ:

2012 թվականին Իսմայիլովը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել հաճախորդի հետ (Ֆ.Ա.)՝ համաձայնելով պաշտպանել վերջինիս իրավունքները ամուսնալուծության և երեխաների խնամակալության գործով։ Դատական ներկայացուցչության համար հաճախորդը լիազորագիր է տվել Իսմայիլովին և նրա գործընկերոջը (Կ.Մ.)։ Սաբայիլի շրջանի դատարանում մի քանի դատական նիստ է կայացել հաճախորդի գործով, իսկ վերջին նիստը նշանակվել է 2013 թվականի փետրվարի 12-ին։ Սակայն, նախորդ օրը հաճախորդը տեղեկացրել է Իսմայիլովին, որ ցանկանում է հետ վերցնել հայցը, քանի որ հաշտության համաձայնագիր է կնքել մյուս կողմի հետ։ Իսմայիլովը չի հասցրել տեղեկացնել այդ մասին գործընկերոջը, և վերջինս ներկայացել է դատական նիստին։ 

Հաճախորդի բողոքներից հետո Իսմայիլովը և Կ․Մ․-ն ներկայացել են Սաբայիլի շրջանի դատարան։ Իսմայիլովի խոսքերով, նա խնդրել է հանդիպել դատավորին, և վերջինս համաձայնել է։ Դատավորի աշխատասենյակում Իսմայիլովը բացատրել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, և կողմերը հաշտությամբ լուծել են վեճը։ Դիմումատուի խոսքերով՝ խոսակցությունից հետո դատավորը սկսել է վիրավորել իրեն՝ մեղադրելով անհարգալից պահվածք դրսևորելու և դատարան կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ և սպառնացել է զրկել իրեն արտոնագրից: Ըստ Դիմումատուի, նա զգացել է, որ իր դեմ դավադրություն է կազմակերպված և ցանկացել է անհապաղ լքել դատավորի աշխատասենյակը: Սակայն, դատավորը կողպել է դուռը և թույլ չի տվել Իսմայիլովին լքել սենյակը, այնուհետև, կարգադրել է ոստիկանության ծառայողին և դատարանի աշխատակիցներին արձանագրություն կազմել՝ նշելով, որ Իսմայիլովը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավորի նկատմամբ։ Արձանագրությունը ստորագրել են դատարանի վեց աշխատակիցները։

Նույն օրը, Դիմումատուն բողոքել է դատական ​​խորհրդին՝ դատավորի ապօրինի գործողությունների մասին: Մասնավորապես, նա բողոքել է, որ դատավորը վիրավորել և սպառնացել է իրեն: Իսմայիլովը նշել է, որ դատավորն անօրինական կերպով փակել է սենյակի դուռը և թույլ չի տվել իրեն հեռանալ: Դիմումատուն բողոքել է նաև գլխավոր դատախազությանը և հայտարարություն է տարածել մամուլի միջոցով։ Իսմայիլովը պնդել է, որ դատավորը կոռումպացված է և ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ։ Այնուամենայնիվ, դատական խորհուրդը տեղեկացրել է Իսմայիլովին, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան:

2013 թվականի փետրվարին դատավորի աշխատասենյակում տեղի ունեցած վեճից հետո դատավորը խնդրել է Ադրբեջանի Փաստաբանների պալատին հետևողական լինել Իսմայիլովի վարքագծին: Դատավորը հայտնել է, որ իր վարույթում գտնվող գործով դատական նիստից հետո Իսմայիլովն ապօրինի կերպով պահանջել է վերադարձնել դատարան ներկայացված փաստաթղթերը, անօրինական և անհարգալից կերպով մուտք է գործել իր աշխատասենյակ, վիրավորել և սպառնացել է իրեն: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը նկատողություն է արել Իսմայիլովին, բայց վերջինս պնդել է, որ գործել է իր վստահորդի անունից և հերքել է դատավորի կողմից իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները և պնդումները։ 

2013 թվականի մայիսին Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը Իսմայիլովին աշխատանքից ազատելու և փաստաբանական գործունեության արտոնագրից զրկելու վերաբերյալ գործը փոխանցել է Նարիմանովի շրջանի դատարանին։ Գործի շրջանակներում Իսմայիլովը խնդրել է հարցաքննել Սաբայիլի շրջանի դատարանի աշխատակիցներին և պահանջել տրամադրել դատարանի շենքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները: Սակայն, Սաբայիլի շրջանի դատարանը Նարիմանովի շրջանի դատարանին տեղեկացրել է, որ հնարավոր չէ ներկայացնել դեպքի օրվա տեսանյութերը, քանի որ դրանք պահվել են ընդամենը հինգ օր: 

Սույն գործով մի քանի դատական նիստեր են կայացել, որոնց ժամանակ Իսմայիլովը հայտարարել է, որ դատավորի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Դատարանի աշխատակիցներին և իր գործընկերոջը հարցաքննելու պահանջով Իսմայիլովի բոլոր միջնորդությունները մերժվել են։ Նարիմանովի շրջանի դատարանը որոշել է Իսմայիլովի նկատմամբ որպես պատիժ կիրառել կարգապահական տույժ և նրան զրկել փաստաբանական գործունեության արտոնագրից։ Դիմումատուն բողոքել է որոշման դեմ, և գործն ուղարկվել է նոր քննության։ 

Իսմայիլովը նորից միջնորդություն է ներկայացրել իր գործընկերոջը հարցաքննելու խնդրանքով, քանի որ վերջինս ականատես է եղել դատարանում տեղի ունեցած դեպքին։ Ի վերջո, վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կ․Մ․-ն հաստատել է Իսմայիլովի բոլոր հայտարարությունները և նշել է, որ դատավորը կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելու ժամանակ հաշվի է առել միայն դատարանի երեք աշխատակիցների վկայությունները։ Դատարանը որոշել է, որ դատավորի հետ աշխատասենյակում գործ քննարկելն արդեն իսկ հակասում է օրենքին։ 2014 թվականի հուլիսին Բաքվի վերաքննիչ դատարանը հաստատել է Իսմայիլովին աշխատանքից ազատելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: 

Իսմայիլովը շարունակել է բողոքել դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ 2014 թվականի դեկտեմբերին վճռաբեկ դատարանը հաստատել է վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը։ Այսպիսով, Իսմայիլովն ազատվել է աշխատանքից և զրկվել է փաստաբանական գործունեության արտոնագրից։ 

2015 թվականին Իսմայիլովը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյանները հավուր պատշաճի չեն քննել իր ներկայացրած բողոքները, ինչի արդյունքում իր նկատմամբ անհիմն և ոչ արդարացի որոշում է կայացվել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ Կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության իրավունքը չի կարող համարվել իրացված, եթե դատավարության ընթացքում կողմերի հայցերը, միջնորդություններն ու փաստարկները պատշաճ քննության չեն ենթարկվում դատարանում։ Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ ՄԻԵԴ-ը նկատել է, որ Դիմումատուի նկատմամբ պատիժ է կիրառվել դատարան ապօրինի մուտք գործելու, ներկայացված փաստաթղթերը վերադարձնելու պահանջի և դատավորին վիրավորելու համար։

ՄԻԵԴ-ը պարզել է, որ դատավարության ընթացքում Դիմումատուն ներկայացրել է մի շարք փաստարկներ և ապացույցներ, որոնք վճռորոշ կարող էին լինել գործի արդյունքի համար, սակայն, դրանց ընթացք չի տրվել դատական ատյանների կողմից։ ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ դատարանում կազմված արձանագրությունը դատավորի բողոքի միակ ապացույցն է եղել: Բացի այդ, ներպետական դատական ատյանները հիմնավոր բացատրություն չեն տվել այն հարցին, թե ինչու՞ է Դիմումատուի գործընկերոջ վկայությունը համարվել ոչ արժանահավատ այն հիմքով, որ նա աշխատել է Դիմումատուի հետ, բայց, միևնույն ժամանակ, վճիռ կայացնելիս հիմք է ընդունվել դատարանի այն աշխատակիցների վկայությունները, ովքեր նույնպես աշխատել են դատավորի հետ։ Վերաքննիչ դատարանի վճռի մեջ որևէ հիմնավորում չի եղել նաև այն մասին, թե ինչու՞ է Բաքվի վերաքննիչ դատարանը որպես վկա գործին ներգրավել արձանագրությունը ստորագրած վեց անձանցից միայն երեքին:

Ելնելով վերոհիշյալ նկատառումներից՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող Պետության ներպետական ​​դատարանները չեն կատարել ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունները և չեն հիմնավորել իրենց կայացրած որոշումները։ Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը մերժել է փոխհատուցման վերաբերյալ Դիմումատուի ներկայացրած պահանջը, քանի որ այն ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ: