Մարիա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ Տիգրան Պետրոսյանը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ:
Դատական նիստն անցել է դռնփակ դատական նիստով, արագացված դատական քննություն անցկացնելու կարգով, 2013թ-ի դեկտեմբերի 24-ին Գյումրիում:
Ըստ գործի դատավարական նախապատմության՝ 2013թ սեպտեմբերի 26-ին Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ Ա.Այվազյանի որոշմամբ Մարիա Պետրոսյանի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու, որը զուգորդվել է Տիգրան Պետրոսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելով, փաստի առթիվ հարուցվել է թիվ 30105413 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով:
2013թ նոյեմբերի 18-ին մեղադրական եզրակացությամբ քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ առաջադրված մեղադրանքի բովանդակության՝ արագացված դատական նիստում դատարանը պարզել է, որ ամբաստանյալ Մարիա Պետրոսյանը գիտակցելով իր տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը` Տիգրան Պետրոսյանը, 2013թ օգոստոսի կեսերից մինչև 2013թ օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում իր կամքին հակառակ, սպառնալիքներ հասցնելով և բռնություն գործադրելով իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել բերանից և հետացքից, ինչպես նաև իրենց տանը եղած դեզոդորանտի և սափրվելու փրփուրի տարաները մտցրել է հեշտոցի մեջ, այսինքն Մարիա Պետրոսյանը ակնհայտ սուտ մատնություն է կատարել` Տիգրան Պետրոսյանին մեղադրել է ծանր հանցագործության` իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մարիա Պետրոսյանը ինչպես նախաքննության ընթաքում այնպես էլ դատական նիստում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը և զղջացել է կատարածի համար:
Մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալ Մարիա Պետրոսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր և խորհրդակցել է պաշտպանի հետ:
Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 եւ 3752 հոդվածներով նախատեսված պայմանները որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Ըստ դատարանի իրավական վերլուծությունների՝ արագացված դատական քննության արդյունքում դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները գտել է, որ ամբաստանյալ Մարիա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին: Այն որ կինը ակնհայտ սուտ մատնություն է կատարել` Տիգրան Պետրոսյանին մեղադրելով ծանր հանցագործության` իր նկատմամբ սեքսուլ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առնվել կատարված հանցագործության բնույթն ու ամբաստանյալի անձը, որ վերջինս նախկինում դատված չի եղել, կին է: Նշենք նաև, որ ամբաստանյալը երկու ուսանող երեխաներ, ըստ բնութագրի դրական անձ է, ուստի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել:
Դատարանը գտել է, որ նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013թ «Համաներում հայտատարելու մասին» որոշումը, նկատի ունենալով, որ բացակայում է համաներման 8-րդ կետի 4-6 ենթակետերով բացառությունները և համաներումը չկիրառելու մասին 9-րդ կետով նախատեսված սահմանափակումները:
Նկատի ունենալով, որ դատական քննությունը անցկացվել է արագացված կարգով, հետևաբար ամբաստանյալ Մարիա Պետրոսյանի նկատմամբ նշանակվող պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 369-373, 3751-3754 հոդվածներով դատարանը վճռել է ամբաստանյալ Մարիա Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 6/վեց/ ամիս ժամկետով: Կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013թ հոկտեմբերի 03-ին «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժի կրումից:
Ծանուցում: Տեղեկությունը վերցրված է Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am), անունները փոփոխված են: