Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:
Ինչպես հաղորդում են Կառավարությունից՝ վարչապետին ներկայացվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով առաջարկվող փոփոխությունները՝ վարչապետը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ: