ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետևանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ:
2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ-ն, նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել խցի և ՁՊՎ-ի ընդհանուր մուտքի դռները, ինչի հետևանքով նույն խցում գտնվող մեկ այլ կալանավոր դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) և 355-րդ հոդվածի 1-ին մասի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: