Փաստաբանների ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, քննության առնելով փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցը որոշում է կայացրել: 

Այս մասին տեղեկացնւմ է ՀՀ ՓՊ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է.

Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննության հետ կապված հարցը բարձրացել է հիմնականում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կողմից քննվող «Սասնա. Ծռեր» խումբ-14 անձ (թիվ ԵԷԴ/0050/01/17) և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Գրիգորյանի կողմից քննվողԺիրայր Սեֆիլյան և այլոք (թիվ ԵԱԴԴ/0028/01/17) քրեական գործերով դատական նիստերից առաջ:
Փաստաբաններն ահազանգում էին, որ՝
-դատական կարգադրիչները փաստացի փորձում են խուզարկություն իրականացնել.
– խտրական մոտեցում են ցուցաբերում դատախազների նկատմամբ և նրանց զննության չեն ենթարկում.
– զննությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը նվաստացնում է փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը:
Վերջին շրջանում, արձանագրվել են նաև դեպքեր, երբ քրեական գործերով պաշտպաններն առանց նիստը նախագահող դատավորի թույլտվության լքել են դատարանի դահլիճը:
Այս առիթներով, դատավորները դատական սանկցիաներ են կիրառել փաստաբանների նկատմամբ՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

  1. ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Ուսումնասիրելով զննության հարցին առնչվող օրենսդրությունը, Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է հետևյալը՝

ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը:

Նույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգի համաձայն՝

«1. Կարգադրիչի կողմից պահպանվող տարածք մուտք գործող անձինք և իրերը կարգադրիչի կողմից կարող է ենթարկվել զննության:

  1. Զննումից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել այն առարկաները, որոնք արգելվում է մտցնել պահպանվող տարածք: Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննում կատարվում է համապատասխան սեռի կարգադրիչի կողմից:
  2. Զննման ընթացքում առաջարկվում է ներկայացնել պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը:
  3. Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ արգելված իրերի, առարկաների առկայության դեպքում առաջարկվում է դրանք թողնել համապատասխան պահոցում` տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու պայմանով, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
  4. Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ հայտնաբերվում են այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանն ակնհայտ վնաս հասցնելու մասին վկայել, կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:

Արձանագրության մեջ տրվում են վերցված առարկաների և իրերի նկարագրությունը: Եթե կիրառվել են տեխնիկական միջոցներ, ապա նշվում է նաև դրանց կիրառման մասին:

Արձանագրությունն ստորագրում են զննություն կատարող կարգադրիչը և զննվողը: Զննվողը կարող է իր դիտողությունները ներկայացնել, որոնք ամրագրվում են արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից:

Եթե զննվողը հրաժարվում է ստորագրելուց, ապա այդ մասին կարգադրիչը նշում է անում արձանագրության մեջ և ստորագրում այն: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է զննվողին:

Արձանագրությունը վերցված առարկաների և իրերի հետ միասին անհապաղ հանձնվում են ոստիկանությանը:……»:

ՀՀ դատական օրենսգրքով կամ դատավարական որևէ օրենքով, դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու որևէ կարգ սահմանված չէ: Նշված օրենքներով սահմանված չէ նաև արգելված իրերի ցանկը:

Իրավական որոշակիության պահանջը հուշում է, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանոխորոշեն: Օրինակ, իմանան, թե որ դեպքում ինչ իրեր չեն կարող իրենց հետ ունենալ դատարանի շենք մտնելիս: Հակառակ պարագայում, դատական կարգադրիչները կարող են կամայականորեն անձանց չթույլատրեն ցանկացած իր (նույնիսկ անվտանգ) տեղափոխելու համար:

ՀՀ դատական օրենսգիրքը չի բացահայտել նաև զննության հասկացությունը, հետևաբար Պալատի խորհուրդը զննության բովանդակությունը պարզելու համար օգտվում է իրավունքի այլ ճյուղերում՝ զննությանը տված հասկացությունից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը զննություն (զննում) է համարում քննիչի այն գործողությունը, որով վերջինս զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝

«Անձնական զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:

……………..

Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:..»:

Հատկանշական է, որ զննության ժամանակ և զննության պատրվակով, պաշտոնատար անձը երբեմն փաստացի խուզարկության փորձեր կարող է կատարել:  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածից հետևում է, որ՝ խուզարկությունն իրենից ներկայացնում է գործի համար նշանակություն ունեցող առարկաների ու փաստաթղթերի որոնման (գտնելու) և վերցնելու գործողություն։ Այսինքն, ի տարբերության զննության, խուզարկության դեպքում, «խախտվում են» մարդու իրավունքները, քանի որ հակառակ անձի կամքի, պաշտոնատար անձը ինքն է բացում պայուսակը և որոնում է արգելված իրեր:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ՝

  • զննության դեպքում, դատական կարգադրիչն ուսումնասիրում է միայն տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները.
  • զննության ժամանակ, դատական կարգադրիչն իրավասու չէ ինքնուրույն բացել պայուսակը կամ տեղաշարժել իրերը:

Փաստաբանների դեպքում, այս իրավակարգավորումները գործում են հաշվի առնելով փաստաբաններին առնչվող առանձնահատկությունները:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  Մեծ պալատիտարբեր գործերով  կայացված որոշմուներիման համաձայն՝

«132. Փաստաբանի յուրահատուկ կարգավիճակը նրան կենտրոնական տեղ է տալիս արդարադատության իրականացման գործընթացում, որպես  միջնորդի՝ հասարակության և դատարանի միջև: Սրա հետ կապված նրանք ունեն գլխավոր դերակատարում՝ ապահովելու համար, որպեսզի դատավորները, որոնց առաքելությունը հիմնված իրավունքի գերակայության սկզբունքի վրա համարվում է  հիմնարար, պետությունում հասարակության վստահության կրողներ լինեն:

«Սակայն, որպեսզի հասարակությունը պահպանի վստահությունը արդարադատության իրականացման հանդեպ, հասարակության անդամները պետք է վստահեն իրավաբանական մասնագիտություն ունեցող անձանց կարողությանը՝ իրականացնելու արդյունավետ շահերի ներկայացուցչություն» (վերոհիշյալ Եվրոպական դատարանի մեծ պալատի վերոհիշյալ որոշումը  «Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի»  գործով § 173):

«Փաստաբանների հատուկ դերակատարումը, արդարադատության իրականացման հարցում որպես անկախ մասնագետների,  իր մեջ ներառում է մի շարք  պարտավորություններ,  հատկապես այն դեպքերում, երբ այն վերաբերվում է նրանց վարքագծին»:

«Չնայած փաստաբանները ենթակա են  սահմանափակումների իրենց մասնագիտական գործունեության մեջ, որոնք պետք է լինեն շրջահայաց, արդար և ազնիվ, նրանք միաժամանակ օգտվում են բացառիկ իրավունքներից և արտոնություններից, որոնք կարող են տարբեր իրավասություններում տարբեր լինել, դրանց շարքում  իր մասնաբաժինն ունի զսպվածությունը դատարանում օգտագործվող դիրքորոշման առնչությամբ (Տես վերոհիշյալ Եվրոպական դատարանի որոշումը «Շտերը ընդդեմ Նիդեռլանդների» գործով):»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝

«1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:

  1. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
  2. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:…….
  3. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:»:

Փաստաբանի կարգավիճակը իր բովանդակությամբ տարբերվում է քաղաքացու կարգավիճակից, և որպես այդպիսին հավելյալ պաշտպանվում է պետության կողմից: Փաստաբանի անձնական խուզարկությունը, որը  իրականացվել է առանց պաշտոնատար անձի կողմից կայացված պատճառաբանված որոշման, առանց զննության  ընթացքի և արդյունքի գրավոր ամրագրման՝ չի կարող համարվել օրինական:

   Անդրադառնալով հանրային շահի պաշտպանության և հանրային գործառույթներ իրականացնող առանձին սուբյեկտների անձեռնմխելիության հավասարակշռության հարցին, հարկ է նշել, որ  հասարակությունը և պետությունը, ներկայացնելով այդ սուբյեկտներին և նրանց մասնագիտական գործունեությանը բարձր պահանջներ, իրավունք ունեն և պարտավոր են ապահովել նրանց պատշաճ երաշխիքներ՝ իրենց վրա դրված գործառույթների պատշաճ կատարման համար:

Որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելը կարևոր հանրային գործառույթ է, որի շնորհիվ ապահովվում է, ինչպես անձի իրավունքի պաշտպանությունը, այնպես էլ արդարադատության առջև դրված խնդիրների լուծումը: Որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, որպես  առավել նշանակալիներից մեկը, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (հոդված 64), հռչակվում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 14), և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (հոդվածներ 5 և 6): Հետևաբար, պետությունը, ապահովելով տվյալ իրավունքը, պարտավոր է ստեղծել համապատասխան պայմանններ՝ քաղաքացիների կողմից դրանց իրականացման համար, իսկ անձանց, որոնք տրամադրում են իրավաբանական օգնություն, այսինքն՝ փաստաբաններին՝ իրենց գործունեության արդյունավետ իրականացման համար:

Անձնական զննության անհրաժեշտությունը պետք է հաստատվի նշելով դրա իրականացման, ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերը, իսկ ընթացքը և արդյունքները՝ գրավոր ամրագրվեն, որպեսզի անձը, ում նկատմամբ իրականացվում է անձնական զննություն ապահովվի հնարավորությամբ համապատասխան գործողությունների օրինականության և հիմնավորվածության դատական կարգով ստուգման: Հակառակ դեպքում, չի բացառվում օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող հանգամանքների առաջացումը՝  փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման հարցում, և դրանով իսկ, հնարավորություն կստեղծվի Սահմանադրության  արժեքների և շահերի  հավասարակշռության խախտման և որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակման համար:

Այս վերլուծությունից հետևում է, որ՝

– Փաստաբանները գտնվելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի կիրառման տիրույթում, պետք է ընդունվեն որպես վստահելի մասնագետներ: Փաստաբանները քրեական գործերով արդարադատության  կայացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով:

– Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր: Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ  կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել:

– Անթույլատրելի է զննություն կատարելիս  դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ: Եթե փաստաբաններին զննում են, ապա պետք է նույն կարգով զննեն նաև դատախազներին:

– Զննություն իրականացնելիս դատական կարգադրիչը կարող է զննել միայն տեսանելի օբյեկտները: Ընդ որում, դատական կարգադրիչն իրավասու չէ իրականացնել որոնողական գործողություններ, այդ թվում՝ ինքնուրույն բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: Եթե փաստաբանն ինքն է բացում պայուսակը, հնարավորություն տալով դատական կարգադրիչին զննել  պայուսակը (առանց դիպչելու պայուսակին կամ դրանում գտնվող իրերին), ապա այդ գործողությունը խուզարկություն չի համարվում:

– Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ: Նվաստացուցիչ պայմաններ կարող են համարվել, բոլորի ներկայությամբ փաստաբանին դրամապանակը հանելու կամ անձնական հիգիենային վերաբերող պարագաները պայուսակից հանելու պահանջները: Հասարակության աչքի առջև նման գործողությունները թուլացնում են փաստաբանի նկատմամբ հանրային հարգանքը:

– Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը տեղափոխելու արգելքը: Հարկ է նշել, որ նորմատիվ իրավական ակտով արգելված չէ տարայով խմելու ջուր տեղափոխելը, այն էլ՝ ամառվա շոգ եղանակին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջով, զննությունը պետք է կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին): Այս դեպքում, փաստաբանը հնարավորություն կունենա վիճարկել դատական կարգադրիչների գործողությունները, եթե դրանք հակասեն օրենսդրությանը:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ.

Ելնելով վերոգրյալից,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով,

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, միաձայն

Ո Ր Ո Շ Ե Ց`

  1. Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի մասով՝
    • Արձանագրել, որ՝
  • Փաստաբանները քրեական գործերով արդարադատության կայացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբեմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով.
  • Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր.
  • Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել.
  • Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ.
  • Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ.
  • Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը, տեղափոխելու արգելքը:
  • Առաջարկել ՀՀ դատական դեպարտամենտին՝
  • Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով (սկանավորմամբ)՝ առանց փաստաբաններին լրացուցիչ անհարմարություն պատճառելու.
  • Փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
  • դատական կարգադրիչներին հրահանգել, որ փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, դատական կարգադրիչն իրավասու չէ՝ ա) ինքնուրույն որոնողական գործողություններ կատարել, այդ թվում՝ բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և բ) որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
  1. Կոչ անել փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
  2. Ընդունել ի գիտություն, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին համապատասխան գործող փաստաբանն ունի փաստաբանի գործունեության պաշտպանության օրենքով սահմանված երաշխիքները և ՀՀ փաստաբանների պալատի լիարժեք աջակցությունը:
  3. Հանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի խորհրդի նախագահ`   Արա Զոհրաբյան