Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 24-ին անցկացրել է մեկօրյա սեմինար փաստաբանների և իրավապաշտպանների համար: Այն նվիրված էր խտրականության դեմ պայքարի ազգային և միջազգային փաստաթղթերի հիման վրա իրավունքների պաշտպանության թեմային: Սեմինարը կազմակերպվել է «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵԽ և ԵՄ համատեղ ծրագրի շրջանակում:
Սեմինարի ընդհանուր նպատակն էր զարգացնել փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները ՄԻԵԿ-ի արդյունավետ կիրառումը ապահովելու համար, մասնավորապես` Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից: Այն կօժանդակի վերը հիշատակված թիրախային խմբերին խտրականության գործերով արդյունավետ հայցեր ներկայացնել ներպետական դատարաններ և ՄԻԵԴ:
Միջազգային և ազգային փորձագետներն օրակարգային թեմաները մշակել են 2014թ. հուլիսի 25-ին անցկացված սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից հնչեցված կարծիքների հիման վրա: Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են խտրականության դեմ պայքարի միջազգային և ներպետական փաստաթղթերին: