Մեկնարկել է երևանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը

constitutioanl-courtՀոկտեմբերի 24-ին իր աշխատանքներն է սկսել մարդու իրավունքներին առնչվող սահմանադրական արդարադատության երևանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը։ Թեման է «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»։ Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ աջակցությամբ ՀՀ-ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը: 

Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր ներկաներին, առաջին հերթին հյուրերին՝ միջազգային կարեւոր այս խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար։ Հատուկ շեշտվել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի մասնակցությունը և հանձնաժողովի մեծ դերը միջազգային մակարդակում սահմանադրական արդարադատության զարգացման գործում։

Գ. Հարությունյանը շնորհակալությամբ փաստել է 20-ից ավել երկրներից ժամանած սահմանադրական դատարանների նախագահների և պատվիրակությունների ներկայությունը։ Նա կարևորել է խորհրդաժողովի առաջին օրը քննարկվելիք՝ «Անձի արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեման, որը հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի հետ տևական քննարկումների արդյունքում և, մեկնաբանելով դրա կարեւորությունը, ներկայացրեց թեմայի հետ կապված կարեւոր դրույթներ, որոնք քննարկման առարկա կդառնան այս խորհրդաժողովում։

Այս խորհրդաժողովում մի նորամուծություն կա՝ ներկաների մասնակցությամբ կձեւավորվի վիրտուալ սահմանադրական դատարան, որը պիտի պատասխանի մեկ հարցի՝ «Ո՞րն է սահմանադրական մակարդակում մարդու արժանապատվության առավել խոր ու ամբողջական բանաձևումը»։ Խորհրդաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսակետը կներկայացնի այդ հարցի հետ կապված և խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփելիս կընդունվի վիրտուալ սահմանադրական դատարանի «որոշումը»։

Բացման խոսքով հանդես է եկել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։ Նա գոհունակություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ սահմանադրական դատարանի սերտ համագործակցության համար, որի վկայություններից մեկը երևանյան միջազգային խորհրդաժողովներն են, որոնք մշտապես կազմակերպվում են Հանձնաժողովի եւ ՀՀ սահմանադրական դատարանի հետ համատեղ։

Խորհրդաժողովին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է՝ «Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ, շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։ …Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարեւորվում է՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարեւոր սահմանադրական բարեփոխումների։ Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում եւ առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու»։

Խորհրդաժողովում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Վերջինս ընդգծել է ՀՀ սահմանադրական դատարանի առանձնահատուկ դերը ոչ միայն իր որոշումներով արժանապատվության իրական բովանդակությունը և գործնական նշանակությունն ամրագրելու, այլև նման կարևորություն ունեցող համաժողովների նախաձեռնությունը։