Խորհրդարանական ընտրությունները կլինեն 1 տարվա ընթացքում. Արարատ Միրզոյան

Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր իրականացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ առաջին քննարկումը։

Հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ  ասաց, որ նիստի ընթացքում խոսել են որոշակի ընդհանուր կարգավորումների մասին և նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին:

«Որոշակի փուլից հետո մեր հանձնաժողովը կապ կհաստատի խորհրդարանական ձևաչափի հետ և կհասկանա՝ միասնական ջանքերով ինչպես ենք ընդհանուր աշխատանքային ներգրավվածություն ապահովում»,- նշեց հանձնաժողովի նախագահը, հավելելով, որ նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասով բավականին աշխույժ ու բուռն քննարկում է եղել:

«Ռեյտինգայինի մասին այսօր հանձնաժողովը քննարկում չի ունեցել, բայց կարող եմ ասել՝ այս պահին ինձ հայտնի 2 մոտեցում է, որոնք շրջանառվում են տարբեր մակարդակներում: Առաջինը՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ և երկրորդ՝ ունենալ այսպես ասած խառը ընտրակարգ, որը համամասնականն է, բայց ամբողջ երկիրը 1 ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով: Այսինքն, 1 համամասնական ցուցակ է, բայց քաղաքացիները կարող են ցուցակի մեջ վերադասավորումներ անել իրենց քվեով»,-ասաց նա, նշելով, որ 2 տարբերակներն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են և դեռ հստակ որոշում չկա:

Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ընտրությունները կլինեն 1 տարվա ընթացքում, հավելելով, որ  թույլ չեն տալու քարոզչություն ընտրակաշառքի տեսքով:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր հերթին հայտնեց, որ հունիսի 22-ին Վենետիկի հանձնաժողովում եղել է քննարկում Հայաստանի  Ընտրական օրենսգրքի աշխատանքների վերաբերյալ, սակայն քննարկումը եղել է ընդհանրական և արդյունքում ոչ մի խնդիր չի եղել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամկետների մասով:

 

Մեկնաբանություններ