Լարված իրավիճակ Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ՝ աջակիցները հրաժարվում են հեռանալ դատարանի շենքից

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան։ Նիստերին քարտուղարը հայտնեց, որ ամբաստանյալները չեն ներկայացել դատարան, ինչին արձագանքեց «Սասնա ծռեր»-ի անդամ Կարո Եղնուկյանը:

«Ի՞նչ է նշանակում չեն ներկայացել դատարան, կարո՞ղ է պետք է «Յանդեքս» կանչեին գային»,- իր խոսքում նշեց նա:

Դատարանը՝ Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ հայտնեց, որ գրություն է ստացվել այն մասին, որ ամբաստանյալներին հնարավոր չի եղել ուղեկցել դատարան։ Այս հանգամանքը զայրացրեց Ժիրայր Սեֆիլյանի աջկիցներին, վերջիններս սկսեցին բղավել և հայհոյանքներ հնչեցնել դատարանի հասցեին, ինչին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրենց համար ևս դա անակնկալ է, և այդ մասին իմացել են ընդամենը 15 րոպե առաջ: Սակայն նիստերի դահլիճում գտնվող անձինք շարունակեցին բղավել՝ հայտնելով, որ չեն հեռանալու դատարանի շենքից և բողոքի ակցիա են իրականացնելու։

Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանն էլ հայտնեց, որ այսօր մնալու են այստեղ՝  պահանջելով, որպեսզի մի պատասխանատու ոստիկանության ներկայացուցիչ ներկայանա. «Պարտադիր պիտի ներկայանան և մեզ  բացատրություն տան»,-իր խոսքում նշեց նա։

Հավելենք, որ այս պահին Վերաքննիչ դատարանի նեսում և դրսում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել:

Հաջորդ դատական նսիտը նշանակվեց հունիսի 6-ին: