Իրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ նախագահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով մեղադրել Իրանին Մերձավոր Արևելքում առկա բարդ իրավիճակի և խնդիրների մեջ։ 

Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Դոնալդ Թրամփը նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ։ Ավելի վաղ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին  հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է սեպտեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի նիստին պաշտոնապես ներկայացնել Թեհրանի նկատմամբ իր դժգոհությունները: Այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել Իրանի արտգործնախարարը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) Իրանի վերաբերյալ միայն մեկ բանաձև գոյություն ունի։ ԱՄՆ-ն խախտում է ԱԽ բանաձևը և մյուս երկրներին դրդում է նույն քայլի։ Այժմ նա փորձում է ՄԱԿ-ում օգտագործել ԱԽ նախագահի իր դիրքը և մեղադրել Իրանին Մերձավոր Արևելքում տիրող այն սարսափելի իրավիճակի համար, որի համար պատասխանատու են հենց ԱՄՆ-ն և իր դաշնակիցները», – հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու մասին իր կայացրած որոշմամբ արդեն իսկ խախտել է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի վերաբերյալ բանաձևը։ Իրանի արտգործնախարարի կարծիքը կիսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը և հավելել է, որ ԱՄՆ-ին բարդ խոսակցություններ են սպասվում ԱԽ նիստերին։

Հիշեցնենք, որ Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Միջազգային դատարան՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Հայցի քննությունն արդեն ավարտվել է, և միջազգային դատական ատյանները պետք է որոշում կայացնեն ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննության շուրջ մեկ ամսվա ընթացքում։

Մեկնաբանություններ