ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն և օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ա.-ն, ծառայողական ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի բանուկ մասում նկատելով հավաքված անձանց, մոտեցել են նրանց, որի ժամանակ ՀՀ ՊՆ զինծառայող, կապիտան Սարգիս Ս.-ն և նրա որդին, վիճաբանել են ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, այն է` ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Սարգիս Ս.-ն առանց հափշտակելու նպատակի փախցրել է հիշյալ ծառայողական ավտոմեքենան և նույն օրն այն թողնելով Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում գտնվող շենքի մոտ, հեռացել է:
Դրանից հետո Սարգիս Ս.-ն գնացել է զորամաս, իսկ որոշ ժամանակ անց ստացել է հեռախոսազանգ և զորամասից դուրս հրավիրվել անծանոթ անձի կողմից: Դրանից հետո ոստիկանության մի խումբ ծառայողներ զորամասի մոտ քաշքշել և ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին, որտեղ շարունակել են հայհոյել և ծեծել իրեն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: