«Ժողովուրդը լեղաճաք փախչում էր, ես փորձում էի մասնագիտությանս հավատարիմ մնալ և լեղաճաք չլինել». Անդրիաս Ղուկասյանի գործով հարցաքննվեց լրագրողը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ շարունակվեց Արնդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։  

Այսօրվա նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը արդար դատաքննություն իրականացնելու նպատակով միջնորդել էր վկաներից՝ Անաստաս Ղլեչյանին և Տիգրան Մկրտչյաին ծանուցել, իսկ պաշտպանական կողմն իր հերթին ավելացրել էր  նաև վկա Ռոբերտ Անանյանին,   դատավորն էլ՝ Իշխան Վարդանյանին:

 Նիստին ներկայացել էր միայն մեկ վկա՝ լրագրող Ռոբերտ Անանյանը: Դատարանը տեղեկացրեց, որ ծանուցված վկաներից՝ Իշխան Անաստաս Ղլեչյանը, հայտնել է, որ չի ներկայանալու դատարան:

Վկան նշեց, որ ինքը «Ա1+»-ի նախկին լրագրող է, ով 2016թ․ հուլիսի 17-ից մինչև 29-ը ինտեսիվ կերպով օնլայն լուսաբանել և մեկնաբանել  է Խորենացիում և Սարի թաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Ամբաստանյալ Անդրիաս Ղուկայսնաին ճանաչում է մասնագիտական առումով:

Ազատության պողոտայում տեղի ունեցած հավաքի մասին վկան մանրամասնեց, որ նկատել  և ֆիքսել է Եղիշե Պետչոսյանի հայտարարությունը, որ երթի մասնակցիները շարժվելու են Թումանյան  փողով: Վկայի ուշադրությունը սևեռվել է այն փաստին, որ Եղիշեյի հայտարարությունից հետո Անդրիաս Ղուկասյանը մոտեցել է վերջինիս և ասել. «Քաղաքացիներին ասա, որ խոսքը գնում է բացառապես խաղաղ երթի մասին», վկան մանրամասնեց, որ նաև Արմեն Պետրոսյանից է նմանատիպ արտահայտություն լսել, որ «ոստիկաններին ձեռք չտաք»: Լրագրողը հայտնեց, որ տեղյակ չէր թե երթի կազմակերպիչներն ովքեր էին: Հավաքի նպատակի մասին Ռոբերտ Անանյանը տեղյակ չէր, սակայն ենթադրում է, որ նպատակը հոգեբանական աջակցություն ցույց տալն էր ՊՊԾ գնդում գտնվողներին:

Երթը հետագայում շարժվել է դեպի Խորենացի փողոց՝ ինքն էլ, որպես լրագրող նրանց հետ, իսկ Սարի թաղում քաղաքացիների ու ոստիկանների բախմանը ականատես է եղել և նույնիսկ վիրավորվել:

Սարի թաղ հասնելուն պես ցուցարարներին ոստիկանները հորդորել են առաջ չգնալ, քանի որ ՊՊԾ գնդից կրակոցներ էին լսվում: Երթը կանգել է այն հատվածում, որտեղ հետագայում բախումներ է եղել, այդտեղ նկատել է ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Լևոն Երանոսյանին, Աշոտ Կարապետյանին, իսկ քաղաքացիների մեջ նկատել է Լևոն Բարսեղյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին։ Լրագրողը նկատել է, որ Աշոտ Կարապետյանը և Լևոն Բարսեղյանը կոպիտ ասում էին «ցրեք սրանց»:  «Ոստիկանների կողմից բարձրախոսով երթը դադարեցնելու կոչ, որպես այդպիսին, որը կլսելի հավաքին ներկա բոլոր քաղաքղցիները՝չի եղել: Եղել է հորդոր հիմնականում մի քանի քաղաքացիների մեջ», – պատմեց լրագրողը։

Վկան հավելեց, որ այդ բանակցությունները  տևել է 30 րոպե, իսկ դրանից հետո, մոտավորապես, 5 րոպե անց ոստիկանների կողմից հատուկ միջոցներ են կիրառվել։

Ռոբերտ Անանյանը  տեսել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրահրում էին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում սկսել։ «Հատուկ հանդերձավորված  այդ քաղաքացիները հարձակվեցին ոստիկանների վրա, իսկ քաղաքացիներից որոշները նրանց հետևեցին: Նշեմ, որ  հավաքի անձանցից մի քանիսը հայտարարեցին, որ չհետեւեն նրանց. սադրիներ են և  հստակորեն տարբերվում է այլ քաղաքացիներից։ Կարող եմ ասել, որ արհեստական էր նրանց հարձակումը ոստիկանների վրա»,-ասաց նա, հավելելով, որ հետագայում, երբ քաղաքացիները փախչում էին, իսկ ոստիկանները փորձում էին նրանց բերման ենթարկել, նույն քաղաքացիական հագուստով անձինք վազում էին նրանց ետևից և փորձում էին  բռնել:  «Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն ուներ խումբը, ձեռքներին իրեր կային, մոտավորապես   քսան երեսուն հոգի կլինեին: Ինչպես հետագայում երևաց  մեր լրագրող գործընկերներին այդ անձանց կողմից ծեծի են ենթարկվել», – հայտարարեց Անանյանը։

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանին՝ վկան նշեց, որ տեսել է նրան Ազատության պողոտայում, հետագայում տեսել քաղաքացիների մոտ «հանգիստ կանգնած», ամբաստանյալը որևէ «հետաքրքիր գործողությամբ» աչքի չի ընկել: Վկան ավելացրեց նաև, որ քաղաքացիների կողմից ոստիկանների ուղղությամբ նետվող քարեր չի տեսել, բայց տեսել է՝ ինչպես են առաջին անգամ հատուկ միջոցներ կիրառել հենց լրագրողների վրա՝ ինքն անձամբ վիրավորվել է այդ ժամանակ: «Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսել է այդ ամենը ինչ տեղի է ունեցել.««Ա1+»-ը միակ լրատվամիջոցն էր, որը սկզբից մինչև վերջ լուսաբանել է՝ Ազատության, «1-in.am»-ի մեր գործընկերներին չեզոքացրել էին: Ես լուսաբանել եմ արյունոտ ոտքերով, մինջև այն պահը, որ շտապօգնության մեքենայի մեջ էի: «Ժողովուրդը լեղաճաք փախչում էր, ես փորձում էի մասնագիտությանս հավատարիմ մնալ և լեղաճաք չլինել», – հայտնեց վկան:

Լրագրողը հստակ նշեց նաև, որ ոստիկաններից շատերը հատուկ, նպատակադրված հատուկ միջոցները կիրառում էին հենց քաղաքացիների նկատմամբ, իսկ կային նաև ոստիկաններ ովքեր օդ էին տենում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին:

 

Մեկնաբանություններ