«Ալիևը հայտարարում է, որ պետք է հասնի Երևան, իսկ մենք մեր ազգային հերոսներին բանտարկում ենք»

«Ժիրայր Սեֆիլյանը ռազմական գործիչ է, նա հերոս է իր կոչումով և անցած ճանապարհով: Ժիրայր Սեֆիլյանն այն սրտացավ մարդկանցից մեկն է, որը բարձրաձայնել է իր երկրում տեղի ունեցող խնդիրներն ու իրադարձությունները: Հերոսը միայն իրավունք ունի բարձրաձայնելու այս երևույթները»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Վահան Բադասյանը:

Վերջինիս խոսքերով իրեն չի հետաքրքրում, թե Սեֆիլյանին ինչ մեղադրանք է առաջադրվել, և ով ինչ է ասում, քանի որ այս ամենը սուտ է և շինծու:

«Իմ համոզմամբ Սեֆիլյանը հերոս է և հերոս էլ կմնա, նրան ոչ մեկը չի կարող դատել, քանի որ նրան ժողովուրդն արդեն դատել է»,- ասաց նա:

Անրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներին Վահան Բադասյանը հայտնեց, որ նրանք պատերազմի ճանապարհով անցած մարդիկ են և դիմել են ծայրահեղ քայլերի:

«Փոխանակ երկրի իշխանությունները խոհեմ գտնվեն և ականջալուր լինեն իրենց նախկին, անդավաճան, անմնացորդ մարտական ընկերներին և միավորվեն նրանց հետ՝  խնդիրները լուծելու համար, նրանք չգիտեմ ում հետ են լուծում այդ խնդիրները»,- նշեց նա:

Վահան Բադասյանի խոսքերով «Սասնա ծռեր» խմբի անդամները ոչ մեկի արյունը թափելու ցանկություն չեն ունեցել, իսկ զոհված ոստիկանն ինքն է անցել իր լիազորությունների սահմանը. «Ինքն է կրակել և ինքն է կնքել իր մահկանացուն: Մյուս 2 ոստիկանների հետ տղաները կապ չեն ունեցել և արյուն չեն թափել: Նրանք հերոսական ձևով գրավել են ՊՊԾ գունդը: Խանդոյանն ասել է, որ ինքը չի կարող կրակել ոստիկանին, քանի որ այդ ոտիկանն իր արյունն է, իր որդին է»:

Վերջում Վահան Բադասյանը նշեց, որ տղաները չպետք է դատվեն՝  համարելով, որ այս ամբողջ գործընթացը հաշվեհարդար է:

«Մենք պետք է բոլորս միասին հարց դնենք երկրի ղեկավարության առջև, որ այսպես շարունակել չի կարելի: Ալիևը հայտարարում է, որ պետք է հասնի Երևան, իսկ մենք մեր ազգային հերոսներին բանտարկում ենք»,- իր խոսքում նշեց Վահան Բադասյանը: