«Ժամանակակից աշխարհի ընձեռած հնարավորություններից օգտվելու, ինքնակրթությամբ զբաղվելու պարագայում Հայաստանում հնարավոր է զբաղվել գիտությամբ». Անահիտ Մանասյան

Legalinfo.am-ը  այս անգամ զրուցել է Հայաստանում գիտության զարգացման, երիտասարդ գիտնականների աջակցության և ոլորտում առկա բացթողումների մասին իրավաբանական գիտությունների թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ:

 -Երիտասարդ գիտնականներ.  ձևակերպումն իրավական առումով ինչ-որ կերպ ամրագրվա՞ծ է, թե՞ ոչ։

 -«Երիտասարդ գիտնական» եզրույթն, իհարկե, օգտագործվում է տարատեսակ փաստաթղթերում, սակայն, իրավական տեսանկյունից, ձևակերպումն աչքի չի ընկնում ամրագրված կոնկրետ առանձնահատկություններով։ Սովորաբար նշված եզրույթի գործածման նպատակը գիտնականի տարիքը մատնանշելն է, արդյունքում՝ նաև տարատեսակ ծրագրային հնարավորություններից օգտվելու առանձնահատկություններն ընդգծելը։

Կարծում եմ, որ, գիտնականի մասին խոսելիս, հիմնական շեշտադրումն անհրաժեշտ է կատարել ոչ այնքան նրա տարիքին կամ դրան առնչվող այլ տարատեսակ հանգամանքների, որքան անձի գիտական գործունեության արդյունքներին: Հենց դրանք են հանդես գալիս անձի՝ որպես գիտնականի կերպարի գնահատման հիմնական չափանիշ և պետք է արժանան առաջնահերթ ուշադրության։

-Գիտությունն ի՞նչ զարգացում է ապրել նախորդ տարիների  համեմատած։

-Իրականում ոչ միայն գիտությունը, այլև ընդհանուր առմամբ ամեն ինչ ժամանակակից աշխարում ծայրաստիճան արագ է զարգանում: Դա ինչ-որ առումով , երևի թե պատճառ և արդյունք է այն հանգամանքի, որ ժամանակակից աշխարհում գրեթե վերացել են տարածության և ժամանակի սահմանները։ Դրա  արդյունքներից մեկն էլ դարձել է այն, որ ի տարբերություն նախկինի՝ մեծացել է նույն ժամանակահատվածի ընթացքում ձեռք բերվող փորձի և ինֆորմացիայի ծավալը։ Արդյունքում մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. թեև գիտությունն ու գիտնականները չափազանց արագ զարգանալու մեծ հնարավորություններ ունեն, սակայն այդ զարգացումը որևէ վայրկյան կանգ չպետք է առնի, քանզի հակառակ պարագայում գիտական գործունեության արդյունքն ու դրա հիմքում դրվող հիմնավորման բազան շատ կարճ ժամանակ հետո կարող են այլևս արդիական չլինել։ Հետևաբար, ներկայացված հանգամանքը պետք է արժանանա պատշաճ ուշադրության, և գիտական համապատասխան բնագավառներն ու գիտնականներն անընդհատ զարգացման գործընթացում գտնվեն։ Կարծում եմ, որ սա է գլոբալ առումով  նշանակալի գիտական արդյունքներ ունենալու և այդ համատեքստում մեր երկիրն աշխարհին ճանաչելի դարձնելու հիմնական գրավականը։

-Խոսե՛ք, խնդրեմ, Հայաստանում գիտության զարգացման մասին։

 – Այն բոլոր հանգամանքները, որոնք արդեն մատնանշեցի, վերաբերում են նաև Հայաստանում գիտության զարգացմանը։ Մեր երկրում այդ բնագավառի մասին խոսելիս կուզենայի անդրադառնալ մի քանի առանձնահատկությունների և ուշադրության արժանի հանգամանքների։ Նախ նշեմ, որ ինձ իրավասու եմ համարում խոսելու իրավագիտության մասին։ Ուստի հարցերին կպատասխանեմ այդ բնագավառին առնչվող առանձնահատկությունների տեսանկյունից։

Պետք է արձանագրել, որ մենք, իրավամբ, ունենք հիանալի գիտնականներ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բնագավառի նկատմամբ բացակայում է համակարգային մոտեցումը, ինչի արդյունքում գիտությամբ զբաղվելը, որպես կանոն, ավելի շատ մարդու նվիրվածության և էնտուզիազմի արդյունք է դառնում։

Այդ առումով՝ չափազանց կարևոր է, որպեսզի գիտական գործունեության արդյունքը իրացման տեսանկյունից պահանջված և անհրաժեշտ լինի, և հասարակական կյանքի կանոնակարգումներն իրականացվեն՝ նշված գիտական գործունեության արդյունքները նկատի ունենալով։ Այդ պայմաններում ակնհայտ կլինի նաև քննարկվող բնագավառի պատշաճ ֆինանսավորման անհրաժեշտությունը, գիտական հետազոտությունների ոլորտների և թեմաների շատ ավելի ճիշտ և նպատակաուղղված ընտրությունը, արդյունքում՝ գիտական գործունեության արդյունքները նշանակալի կդառնան ոչ միայն ներքին սպառման, այլև արտաքին աշխարհի տեսանկյունից։

Չափազանց կարևոր է նաև մեր հասարակական համակարգում առկա,գիտության հետ կապված,  «ձևական ֆետիշիզմ»-ից ձերբազատվելը, որովհետև չափազանց հաճախ առաջնահերթ նշանակություն ենք տալիս ոչ թե բովանդակությանը, այն է՝ գիտական գործունեության արդյունքներին, այլ ձևին։ Մասնավորապես, թվում է, որ եթե անձն ունի գիտական աստիճան, այլևս չկա գիտական գործունեությամբ զբաղվելու անհրաժեշտություն, կամ գիտական գործունեության արդյունքները գնահատելու փոխարեն, առավել մեծ կարևորություն ենք տալիս անձի տարիքին, կոնկրետ բնագավառում աշխատանքի տարիների զուտ քանակական հանգամանքին և այլն:

 -Հայաստանում երիտասրդ գիտական աշխատողը պետության կողմից ի՞նչ աջակցություն է ստանում։

 -Հիմնական աշխատավարձը, որը պետության կողմից տրամադրվում է գիտական աշխատողին, չէի համարի գիտնականի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար բավարար: Որքանով տեղեկացված եմ, պետությունը որոշ ծրարգրեր իրականացրել է գիտնականներին աջակցելու նպատակով: Անկեղծ ասած՝ ինձ կոմպետենտ չեմ համարում՝ այդ ծրագրերի հետևանքները և արդյունքները գնահատելու տեսանկյունից, սակայն կուզենայի արձանագրել, որ, իրավամբ, ողջունելի է գիտության բնագավառին տրամադրվող պետական նման աջակցությունը։ Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր եմ համարում պետական համակարգային մոտեցման ձևավորումն ու արմատավորումը գիտության բնագավառի նկատմամբ, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլինի խոսել զարգացած ու ժամանակակից աշխարհում մրցունակ գիտական համակարգի մասին:

-Նախորդ  տարիների հետ համամեատած, ոլորտում ի՞նչ փոփոխություններ են կատարվել։

 -Երևի թե նախկինի համեմատությամբ հիմնական տարբերությունն այն է, որ բավականին մեծացել են թե՛ արտերկրում կրթություն ստանալու, թե՛ այլ երկրներում գիտական գործունեությամբ  զբաղվելու, միջազգային գիտական նախագծերին մասնակցելու և նշված միջավայրի հետ շփվելու հնարավորությունները։ Բնականաբար, այդ ամենը չափազանց կարևոր նշանակություն է ունենում, ինչպես գիտնականի կերպարի ձևավորման, այնպես էլ հայաստանյան գիտությունը զարգացնելու և աշխարհին ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Պետք է փաստել, որ գիտության բնագավառը չի կարող մեկուսացված լինել, և նշանակալի կարող է լինել սոսկ այն գիտական գործունեության արդյունքը, որը կառուցված է՝ հիմնախնդրի հետազոտության վիճակն ու բոլոր առանձնահատկությունները նկատի ունենալով։

-Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է արվեն ոլորտը զարգացնելու համար։

– Կարելի է իհարկե մի շարք դետալային հանգամանքներ առանձնացնել, սակայն, կարծում եմ, որ կարեւորագույնը այն հիմնարար քայլերն են, որոնց մասին նախորդ հարցադրումներին պատասխանելիս արդեն իսկ խոսեցի, այն է՝ համակարգային մոտեցումը գիտության նկատմամբ, պետության համար գիտական գործունեության արդյունքների պահանջված լինելը, արդյունքում՝ գիտության բնագավառի պատշաճ ֆինանսավորումը, թեմատիկայի ճիշտ եւ նպատակաուղղված ընտրությունը, ստացված արդյունքների պահանջված եւ իրացվելի լինելը հասարակական կյանքի կանոնակարգման տեսանկյունից, հայաստանյան գիտությունը նշանակալի գիտական գործունեության արդյունքների միջոցով աշխարհին ճանաչելի դարձնելը, գիտական համարժեք էթիկայի ձեւավորումը եւ այլն։

 -Մեր երկրի կրթուրթյան մակարդակը բավարա՞ր է մրցունակ գիտնական դարնալու համար։

– Մեր երկրի կրթության մակարդակը, որակի առումով, բավարար եմ համարում, համենայն դեպս իմ մասնագիտական բնագավառի տեսանկյունից։ Բնականաբար, հայաստանյան կրթական համակարգն աչքի է ընկնում մի շարք խնդրհարույց հանգամանքներով, որոնք ոչ այնքան կապված են կրթության որակի, որքան հարակից այլ խնդիրների հետ, և ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ այս հարցազրույցի շրջանակներում դրանք հնարավոր չէ ամբողջական ներկայացնել։։ Գիտելիք և հմտություն ձեռք բերելու տեսանկյունից՝ չափազանց կարևորում եմ ինքնակրթությունը։Կարծում եմ, որ վերը շարադրված բոլոր հանգամանքների հանրագումարի, ինչպես նաև գիտության բնագավառի նկատմամբ ներկայացված մոտեցման ձևավորման արդյունքում կարելի է ունենալ, միջազգային տեսանկյունից, մրցունակ գիտնականներ։

Դուք սահմանագրագետ եք։ Ի՞նչ գիտական ուսումնասիրության վրա եք աշխատում այս պահին։

– Առաջին հերթին նշեմ, որ անկախ նրանից, թե կյանքի կոնկրետ փուլում որտեղ եմ աշխատել և ինչ աստիճանի ծանրաբեռնվածությամբ, երբեք չեմ դադարել գիտահետազոտական աշխատանքով զբաղվելը: Այդ աշխատանքն իմ անձնային կերպարի և մասնագիտական գործունեության առանցքային մասն է կազմում և հնարավորություն է տալիս լիարժեքորեն ինքնադրսևորվելու։ Արդյունքում շուրջ 10 տարիների ընթացքում հեղինակել եմ 60 գիտական աշխատություններ, որոնք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային տարատեսակ հրատարակություններում։ Արդեն մի քանի տարի է գիտական հետազոտություն եմ իրականացնում «Սահմանադրական կայունության արժեբանական նկարագիրը և դերը կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում» թեմայով: Հետազոտությունն իրականում բազմաշերտ է, և ընդգրկում է այնպիսի կարևորագույն հիմնախնդիրներ, ինչպիսիք են սահմանադրական կայունության տարատեսակ տեսությունները, առկա իրավիճակի գնահատումը, կայունության առնչությամբ հեղինակային դիրքորոշման ներկայացումն ու արդյունքում՝ ժամանակակից սահմանադրական համակարգերի կանխատեսելիության ու զարգացման առումով կոնկրետ չափանիշների մշակումը։ Հետազոտության կարևորագույն հատվածն է հանդիսանում ժողովրդաիշխանության տարատեսակ դոկտրինների վերլուծությունն ու ժողովրդի  իշխանության, սահմանների առումով , չափանիշների մշակումը, այդ համատեքստում դատական իշխանության անկախության և հաշվետվողականության վերլուծությունն ու դրանց հարաբերակցության բացահայտումը, սահմանադրական ինքնության հետազոտումը և այլն: Իհարկե հետազոտությունն ինքնին չափազանց ծավալուն է և մի հարցադրման շրջանակներում շատ բարդ է վերջինիս ամբողջական անդրադարձ կատարելը:

Դուք Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր եք։ Ադմինիստրատիվ աշխատանքը չի՞ խանգարում գիտահետազոտական աշխատանքին։

-Իրականում այս հարցը շատերին է հետաքրքրում, և ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես է հնարավոր նման ծավալի աշխատանքներ իրականացնել, իսկ որոշ դեպքերում՝ համատեղել: Ինչ վերաբերում է Արդարադատության ակադեմիայում իմ ադմինիստրատիվ աշխատանքին առնչվող հարցադրմանը, նշեմ, որ պատասխանն ինչպես դրական է, այնպես էլ բացասական։ Բնականաբար, այդ աշխատանքը թույլ չի տալիս, որպեսզի շատ ավելի ժամանակ տրամադրեմ գիտահետազոտական աշխատանքիս։ Միևնույն ժամանակ, հենց այդ աշխատանքի արդյունքում է, որ ձեռք եմ բերում հետազոտությանս ոլորտին առնչվող բազում հմտություններ, բախվում եմ խնդիրների, որոնք հենց հետազոտությանս թեմատիկայի մասն են կազմում, արդյունքում հնարավորություն են տալիս կատարելու ճիշտ շեշտադրումներ և գտնելու իրացվելի ու պահանջված լուծումներ։ Հավելեմ նաև, որ ես Ակադեմիայի պրոռեկտորն եմ գիտական աշխատանքի գծով։ Ուստի, կարծում եմ՝ Ակադեմիայում իմ աշխատանքը առավել մեծ ծավալով նպաստում, քան խանգարում է գիտահետազոտական աշխատանքիս։

 

 

Մեկնաբանություններ