Թրամփը կդառնա ԱՄՆ երրորդ նախագահը, ում իմփիչմենթ է հայտարարվել

ԹՀանրապետական Դոնալդ Թրամփն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱՄՆ երրորդ նախագահը, որին իմփիչմենթ է հայտարարվել, երբ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը կներկայացնի մեղադրանքներ՝ կապված այն բանի հետ, որ նա հարկադրել է Ուկրաինային հետաքննություն անցկացնել իր քաղաքական ընդդիմադիր Ջո Բայդենի դեմ, գրում է Reuters-ը։

Թրամփին սպառնում է երկու մեղադրանք՝ լիազորությունների չարաշահում ուկրաինական սկանդալի ընթացքում եւ Կոնգրեսի կողմից այդ գործի հետաքննության խոչընդոտում։ Նախագահը հերքում է որեւէ իրավախախտում։

«Իմփիչմենթը խաբեություն է։ Դա խաբեություն է,- ասել է Թրամփն ավելի վաղ։- Ոչ մի վատ բան չի արվել։ Իմփիչմենթի ուժն օգտագործել նման անհեթեթության համար՝ խայտառակություն է այս երկրի համար»։

Ակնկալվում է, որ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա այս շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, դեմոկրատներն այնտեղ հաղթանակ կտանեն, քանի որ իմփիչմենթի համար բավական է ձայների պարզ մեծամասնությունը, իսկ նրանց գերազանցությունը հանրապետականների հանդեպ 36 տեղ է։

Բայց  նախագահին հեռացնելու համար որոշումը պետք է արժանանա Սենատի անդամների երկու երրորդի հավանությանը, որտեղ հանրապետականները 53 ձայն ունեն 100-ից։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ էր հայտարարել Էնդրյու Ջոնսոնին եւ Բիլ Քլինթոնին, բայց նրանք արդարացվեցին Սենատի կողմից։ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց իմփիչմենթի ընթացակարգն սկսվելուց առաջ։ Այսպիսով, ոչ մի նախագահ ԱՄՆ պատմության մեջ պաշտոնից չի հեռացվել իմփիչմենթի ընթացակարգով։

Մեկնաբանություններ