Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի 20 վճիռներից 12-ը վերաբերում են հանրային գերակա շահ ճանաչված տարածքներին

2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներից աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին վճիռը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն 600 հազար եվրո վճարել 83-ամյա Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին։ Այս գումարն ավելին է, քան 2007-2018թթ․ Հայաստանի դեմ կայացված բոլոր վճիռներով սահմանված փոխհատուցումների հանրագումարը:

Բուզանդի 13 հասցեի նախկին բնակչի տունն ու հողատարածքը գերակա շահ էին ճանաչվել: Պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար փոխհատուցում չէր տրվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ։

Վարդանյանի իրավունքների խախտումը ստրասբուրգյան դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին: ՄԻԵԴ-ի 2019 թվականի որոշումը վերաբերում էր միայն գումարի չափին: 2016-ի վճռում ՄԻԵԴ-ը ընդգծել էր՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Այդ որոշումը մասնագիտական հանրույթը դեռ այն ժամանակ աննախադեպ էր որակել։ Իրավաբանները կարծիք էին հայտնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն Մկրտումյանը պաշտոնից հեռացավ միայն Թավշյա հեղափոխությունից հետո։

«Վճիռը գնահատում եմ արդարացի, որովհետև վերջապես հաղթանակել ենք՝ բարոյապես: Մնացածը երկրորդական մասն է։ Բարոյապես հաղթանակել ենք, բայց եթե գումարի մասին է խոսքը՝ դա 1/100-րդ մասն է իրական արժեքի էնտեղի կառույցների և մնացած ամեն ինչի հետ համեմատած»,- մեկնաբանել է Յուրի Վարդանյանի կինը՝ Շուշանիկ Նանուշյանը:

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրերի իրականացման հետևանքով բնակիչների խախտված իրավունքներին են վերաբերում նաև 2019 թվականին ՄԻԵԴ-ի կայացրած մի շարք այլ վճիռներ։

Մեկնաբանություններ