
2025 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել զինապարտ քաղաքացիների ծանուցման նոր կարգը։ Փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել ծանուցման գործընթացի արդյունավետությունը և ապահովել քաղաքացիների ժամանակին ու պատշաճ իրազեկումը։
Քաղաքացու առաջնային ծանուցումն իրականացվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, որին քաղաքացին կարող է ծանոթանալ www.azdarar.am կայքի «Անհատական ծանուցումներ» բաժնում։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա ծանուցումը ուղարկվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով՝ քաղաքացու հաշվառման հասցեով։
Փոստային եղանակով ծանուցման անհնարինության դեպքում www.azdarar.am կայքի «Հրապարակային ծանուցումներ» բաժնում տեղադրվում է հրապարակային ծանուցում, և ծանուցման տեղադրման օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է ծանուցված։
Սույն փոփոխությունը միտված է՝
Բարձրացնել ծանուցումների մատչելիությունն ու օպերատիվությունը,
Խթանել քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը,
Նվազեցնել տեխնիկական ու վարչական խոչընդոտները,
Ապահովել զինապարտ քաղաքացիների մասնակցությունը զորակոչերին և վարժական հավաքներին։
