Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով:

Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ  շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր:

Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։
Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին:
Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են  նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ:
Ճանապարհի հիմնանորոգումն արագ ավարտելու նպատակով աշխատանքները վստահվել են մրցույթում հաղթող ճանաչված երեք շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհ», «Կապավոր» և  «Սուարդի»:
Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների  5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների  բաժանիչ  գոտում` մետաղական պաշտպանիչներ։
Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ վիճակում:
Մանրամասները` տեսանյութում:

 

Մեկնաբանություններ