Եվ պաշտանող, և մեղադրող կողմերը պահանջում են արդարադատություն

Կարեն Կունգուրցևի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով։ Դեպքը տեղի է ունեցել  Վանաձոր քաղաքում՝ 2013 թվականի հոկտեմբերին: Կ․ Կունգուրցևը մեղադրվում է դանակահարության :

Նախաքննության ավարտից հետո Կոնգուրցևի մեղադրանքը փոփոխվել էր՝ նրան առաջադրվել է արդեն սպանության փորձ կատարելու մեղադրանք:

Տևական ժամանակ Լուռու մարզի Առաջին ատյանի դատարանում գործը քննվել էր, և ավելի քան 40 դատական նիստերի ավարտից հետո դատարանը կայացրել էր դատավճիռ, և դատական նիստերի դահլիճից Կոնգուրցևը ազատ էր արձակվել:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել էր մեղադրողի կողմից, և ավելի քան մեկ տարի 2 ամիս Վերաքննիչ դատարանը քննում էր գործը:

2017 թվականի հուլիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի բողոքը մասնակի բավարարեց և  Կոնգուրցևին մեղավոր ճանաչեց մեկ այլ հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նրան դատապարտեց 7 տարի ժամկետով ազատազրկման:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով, սա Վերաքննիչ դատարանի կողմից ակնհայտ անարդարացի, չհիմնավորված և ապօրինի կայացված դատական ակտ է:

Տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովակիմյանը համոզված է, որ  Կոնգուրցևը մեղավոր չէ. «Ես կասեի, որ անարդարացի վճիռ է կայացվել Վերաքննիչ դատարանի կողմից, որովհետև ոչ մի ապացույց չկա, որ այդ հանցանքը կատարել է Կարեն Կոնգուրցևը: Դա ապացուցվել է առաջին ատյանի դատարանում․ մանրակրկիտ ուսումնասիրվել է գործը, հարցաքննվել են վկաները և այդ ամենի արդյունքում բացահայտ երևում է, որ Կոնգուրցևը այդ հանցանքը չի կատարել»,- ասաց նա, հավելելով, որ Կոնգուրցևի հանցանքը կատարելու ոչ շարժառիթ կա և ոչ էլ ապացույց:

«Ինձ այս դատավճիռը չի բավարարում, եթե մեղավոր մարդը դրսում հանգիստ զբոսնում է, իսկ անմեղը՝ ազատազրկման է դատապարտված»,- ասաց տուժողի իրավահաջորդը՝ նշելով, որ կասկածներ շատ ունի, սակայն, երբ ապացույց չկա՝ անիմաստ է:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ իրենք դատական նիստերի ժամանակ տարբեր միջնորդություններով ցանկանում էին պարզել՝ ինչո՞ւ հենց Կարեն Կոնգուրցևի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց. «Որևէ մեկը, կամ որևէ գործողություն չփաստեց, որ Կոնգուրցևին ճիշտ են բերման ենթարկել: Մենք այդ հարցի պատասխանը չենք ստացել նույնիսկ Վերաքննիչ դատարանում: Ինչո՞ւ Կարեն Կոնգուրցևը»,- ասաց փաստաբանը:

Արմինե Ֆանյանի խոսքերով Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում փաստաբանները մեծ ջանքեր գործադրեցին․ որպեսզի անմեղ մարդը չդատապարտվի՝ ջանքերն արդյունք տվեցին, սակայն անհասկանալի իրավիճակում Վերաքննիչ դատարանը  7 տարվա ազատազրկման դատապարտեց Կարեն Կոնգուրցևին.«Վերաքննիչ դատարանի դատական ակտը շուրջ 200 էջ է։ Կարդում ես ու մտածում՝ կարելի էր գոնե գործի նյութերը լավ ուսումնասիրել, ձայնագրությունները լսել: Անգամ մեղադրողն իր մեղադրական ճառում առանցքային համարվող 2 վկաների ցուցմունքների վրա առհասարակ հղում չի կատարել՝ հաստատված համարելով, որ այդ մարդիկ իսկապես դեպքի վայրում չեն եղել»,-ասաց փաստաբանը, նշելով, որ Վերաքննիչ  դատարանը չգիտես ի՞նչ մեխանիզմով գտնում է, որ այդ անձանց նախկինում տված ցուցմունքները արժանահավատ են:

«Մենք Վճռաբեկ դատարան բողոք ենք բերելու (ես որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ) և պայքարելու ենք, որպեսզի ի վերջո հասնենք այն վերջնակետին, որը որ ակնկալում ենք այս գործում»,- ասաց փաստաբան Արմինե Ֆարմանյանը:

Ըստ գործով պաշտպան Արայիկ Պապիկյանի՝ Վերքաննիչ դատարանի նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանի և  դատարանի կազմում ընդգրկված Մհեր Արղամանյանի գործողությունները շատ լուրջ կասկածների տակ են. «Մանուշակ Պետրոսյանն ու Մհեր Արղամանյանը  երբևէ աչքի չեն ընկել արդարադատության հեղինակության համար պայքարով: Նրանք բազմաթիվ անգամ պատվազրկել են արդարադատությունը՝ որևէ մեկի համար նորություն չէ»,-ասաց նա, նշելով, որ վերոնշյալ դատավորների վարքագիծը այս գործով, ցույց էր տալիս, որ նրանք գործում են ոչ թե իրավունքի կամ օրենքի դաշտում, նրանց համար ոչ թե արդարադատության շահն է, այլ բոլորովին այլ շահ է:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ