Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել բարեփոխել ԱՀԿ-ն

Առևտրի գծով Եվրոպական Միության (ԵՄ) հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորը ճգնաժամ է ապրում և կոչ է արել բարեփոխել այն։ 

«ԱՀԿ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Աշխարհը փոխվել է, իսկ ԱՀԿ-ն` ոչ»,- հայտարարել է առևտրի գծով ԵՄ հանձնակատարը սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մալմստրեմի խոսքերով՝ ԱՀԿ-ն չի կարողացել հարմարվել արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը։ Սակայն ԱՀԿ-ն չի կարող ինքնուրույն բարեփոխվել, միայն կազմակերպության անդամները կարող են բարեփոխել այն։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ ԱՀԿ համակարգը ժամանակակից համաշխարհային տնտեսությանը համապատասխանեցնելու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Այդ պատճառով, Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) մի շարք գաղափարներ է առաջարկել՝ ԱՀԿ-ի բարեփոխումների վերաբերյալ:

ԵՀ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին Ժնևում տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ ԵՀ ներկայացուցիչները գործընկերներին կներկայացնեն ԱՀԿ-ի բարեփոխումների մասին կազմված պաշտոնական փաստաթուղթը։ ԱՀԿ-ն բարեփոխելու ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի հիմնական երեք գաղափարներն են՝ արդի աշխարհի տնտեսությունը զարգացնելու համար միջազգային առևտրի կանոնների վերաբերյալ գրքի թարմացումը, ԱՀԿ-ի վերահսկիչ դերի ուժեղացումը և ԱՀԿ վեճերի կարգավորման համակարգում առաջացած «փակուղու» հաղթահարումը։

Հայտնի է, որ ԵՄ-ն ԱՀԿ-ն բարելավելու մասին քննարկումներ է իրականացրել և այդ հարցի շուրջ սկսել է համագործակցել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի հետ:

Մեկնաբանություններ