«Ես նման բանի չեմ սպասել և պատահական ստեղծված վիճակից խուճապի եմ մատնվել». 22-ամյա բժիշկի սպանության գործով վկան ցուցմունք տվեց

Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով հերթական նիստը:

Այսօր դատական նիստերի դահլիճում ցուցմունք տվեց գործով վկա Գևորգ Երիցյանը, որը, պատասխանելով կողմերի հարցերին, դատարանին հայտնեց, որ մինչև դեպքը Վահան Ղազարյանի մոտ աշխատել է 3-4 ամիս: Անդրադառնալով դեպքին՝ վկան հայտնեց, որ դեպքի օրը Լևոնն ու նրա ընկերը` Արտակը, եկել են իրենց աշխատավայր, նորմալ բարևել են, և ինքը տղաներին ուղեկցել է Ղազարյանի աշխատասենյակ, որից հետո ինքը գնացել է մոնտաժի սենյակ: «Իսկ թե ինչո՞ւ էին նրանք եկել և ի՞նչ խոսակցություն է գնացել նրանց միջև ես դրանից տեղյակ չեմ եղել»,- ասաց վկան:

Վկան պատմեց, որ մոտավորապես 15 րոպե անց լսել է ապակու կոտրվելու և գոռոցի ձայներ, որից հետո հանգստացրել է իր հետ   սենյակում գտնվող աղջկան և գնացել է ամբաստանյալի աշխատասենյակ: Ներս մտնելով՝ տեսել է, որ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, իսկ Արտակը կանգնած է եղել Լևոնի և Ղազարյանի մեջտեղում: «Ես Լևոնին քաշել եմ  ինձ` հանդարտեցնելու համար, և իմ նպատակն էր այնպես անել որպեսզի վիճաբանություն չլինի: Լևոնի ընկերն էլ պահում էր Ղազարյանին: Նրանք վիրավորում էին միմյանց, բայց կռվի թեմայի մասին ոչինչ չեմ լսել»,- իր խոսքում նշեց վկան:

Մեղադրող կողմի այն հարցին, թե չի նկատել ամբաստանյալի ձեռքում որևէ բան, վկան հայտնեց, որ այդ պահին ինքը շատ խառնված է եղել, գտնվել է սթրեսի մեջ և չի նկատել Ղազարյանի ձեռքում ինչ-որ բան եղել է, թե ոչ. «Գուցե եղել է, բայց ես չեմ նկատել: Այդ րոպեին Լևոնով էի զբաղված և չէի նկատում, թե ինչ էր կատարվում»:

Կռվից հետո վկան հայտնեց, որ դրանից հետո Արտակը Ղազարյանին է հանել դուրս` միջանցք, իսկ ինքը՝ Լևոնին, այնուհետև ինքը տղաներին ճանապարհել է, որ գնան. «Ես Լևոնին և Արտակին հրեցի, որ դուրս գան և գնան: Դրանից հետո տղաները դուրս են եկել, իսկ Ղազարյանը գնացել է իր աշխատասենյակ, ես էլ վերադարձել եմ մոնտաժի սենյակ»,- ասաց վկան:

Դրանից հետո վկան մի քանի րոպե մոնտաժի սենյակում գտնվելուց հետո գնացել է Ղազարյանի աշխատասենյակ, սակայն նա այնտեղ չի եղել. «Վազելով գնացի դուրս, Ղազարյանը մուտքի մոտ կանգնած էր, իսկ տղաները մեքենա էին նստում: Մոտեցա մեքենային և հարցրի նրանց ամեն ինչ կարգին է, սակայն  նրանք իրար հետ էին խոսում և ինձ չլսեցին»:

Տղաներին ճանապարհելուց հետո վկան բարձրացել է Ղազարյանի աշխատասենյակ, վերջինս նստած է եղել իր տեղում և հարցրել է  նրան. «Ամեն ինչ նորմա՞լ է», իսկ Ղազարյանը պատասխանել է. «Դուրս եկեք օֆիսից»:

Պատասխանելով մեղադրող կողմի այն հարցին՝ արդյոք վկան լսել է. «Զենքը բեր, զենքը բեր» արտահայտությունը, վկան հայտնեց, որ նման բան չի հիշում:

Նշենք, որ խոսելու ընթացքում վկան անընդհատ շեշտում էր, որ կատարվածի ժամանակ ինքը եղել է սթրեսի մեջ, որոշ բաներ մոռացել է և ասում է այն ինչ հիշում է:

«Ես նման բանի չեմ սպասել և պատահական ստեղծված վիճակից խուճապի եմ մատնվել: Աշխատել եմ միշտ հեռու մնալ կռիվներից»,- ասաց վկան:

Վկայի ցուցմունքից հետո` դատարանի որոշմամբ,  հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որից հետո մեղադրող կողմի միջնորդությամբ նիստն հետաձգվեց:

Հաջորդ նիստը կկայան նոյեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, որը նախատեսում է  8-15 տարի ազատազրկում:

Ըստ մեղադրնաքի` 2016 թ. հոկտեմբերի 19-ին Երևանի Թեհլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում գտնվող իր աշխատասենյակում Վահան Ղազարյանը հանդիպել է  Լևոն Սահակյանին և վերջինիս  նշանած` Ա. Թովմասյանին, աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ նրա հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ  մտել: Այդ միջադեպի ժամանակ Վահան Ղազարյանն իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Լևոն Սահակյանի ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ. Սահակյանը սրտի և թոքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև՝ մահացել:

Նյութը` Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ