Որևէ մեկը այս պահին չի հավատում, որ կարգավորման որևէ տարբերակ իրականություն դառնալու հեռանկար ունի, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
«Որևէ համանախագահող երկիր` այդ թվում ԱՄՆ-ն, այնքան միամիտ չեն, որ մտածեն, թե կարգավորումը շատ մոտ է»,-ասաց նա:
Պարոն Սաֆարյանի կարծիքով Ռիչարդ Հոգլանդի այս հայտրարությունը կապված էր Սոչիում տեղի ունեցած Ս. Սարգսյան և Վ. Պուտին հանդիպման հետ, բացի այդ Ռուսաստանը մեկ ամիս առաջ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է արտգործ նախարարների հանդիպում: Ռուսաստանը կցանկանա, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այդ հանդիպման շրջանակում շարունակեն Սանկտ Պետերբուրգյան գիծը, բայց ոչ ԱՄՆ հովանու ներքո կազմակերված Վիեննայի պայմանավորվածություների գիծը:
«ԱՄՆ-ն, որը չէր կարող 100 տոկոսով տեղյակ լինել Սարգսյան և Պուտին առանձնազրույցից, փորձում էր հասկանալ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ և դիմել է նման խորամանկության»,-իր դիքորոշումը հայտնեց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով Հոգլանդը փորձում էր այս կերպ նաև հասկացնել, որ իրականում Կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի:
«Ստեղծված իրավիճակում, թերևս, Հայաստանի համար լավագույն տարբերակներից մեկը մեկընդմիշտ Կազանյան փաստաթուղթը արխիվ ուղարկելն է: Ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական կոնֆլիկտը առաջիկայում Միացյալ Նահանգների համար լինելու է Թուրքիայի վրա ազդելու գործիքներից մեկը »,- ասաց նա:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ անդրադարձավ փաստաթղթի դրական կողմերին` հայտնելով, որ Միացյալ Նահանգները սկսել է ակտիվ զբաղվել Ղարաբաղի հարցով:
«Եթե միայն Ռուսաստանը կարգավորի Ղարաբաղի հարցը, մենք կկորցնենք Ղարաբաղը: Հետևաբար շատ դրական է, որ ամերիկյան համանախագահողն ակտիվ զբաղվում է Ղարաբաղի հարցով: Ամերիկյան դիրքորոշումը շատ օբյեկտիվ է ու համապատասխանում է նաև մեր շահերին»,-կարծիք հայտնեց նա:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ակտվությունը կապված է նրա հետ, որ այնտեղ գործում է նոր ադմինիստրացիա. «Ի վերջո դա ԱՄՆ-ի հանրապետականների ադմինիսստրացիան է: Գաղտնիք չէ, որ հանրապետականները միշտ ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում: Մեզ համար ձեռնտու է, որ իրենք ուզում են ակտիվ աշխատել»:
Վերջում քաղաքագետը հավելեց, որ բանակցությունների մասին ընդհանրապես խոսք չի գնում, իսկ Հոգլանդի հնչեցրած փաստաթուղթը նույնիսկ անիմաստ է խորը ուսումնասիրել, քանի որ այն փաստաթուղթ է, որը շատ նման է նախկին փաստաթղթերին. «Իսկ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ընդամենը հանդիպում է ԱԳ նախրարների միջև, այլ ոչ թե բանակցություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 6 կետից բաղկացած փաստթուղթ:
Փաստթղթում ասվում է` «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Նյութը՝ Ելենա Արամյանի