Հայաստանը կվճարի՞ միլիոնավոր դոլարներ սփյուռքահայ ներդրողին

Վերջերս հանրության շրջանակում լայնորեն քննարկվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության միջազգային արբիտրաժային գործը: Սույն գործի շրջանակներում քննարկվում է ՀՀ-ի կողմից ՀՀ-ԱՄՆ երկկողմանի ներդրումային պայմանագիրը ենթադրյալ խախտելու հանգամանքը։ Հենց այս կարևոր թեմայի վերաբերյալ զրուցել ենք  «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբանական գրասենյակի գործընկեր և Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) հայցվորի ներկայացուցիչ՝ Գևորգ Տումանովի հետ։

– Ի՞նչ փուլում է գտնվում վերոնշյալ գործը և ո՞րն է կողմերի միջև տարաձայնությունների գլխավոր առարկան։ 

-ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կա կնքված ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիր, որի նպատակն է աջակցել ներդրումային ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությանը՝ ապահովելով կողմերից մեկի՝ քաղաքացիների և ընկերությունների ներդրումները մյուս կողմի՝ հյուրընկալող պետության տարածքում։ Մեր գործի շրջանակներում քննարկվում է Հայաստանի կողմից այս պայմանագրի ուժով իր պարտավորությունները խախտելու հանգամանքը, որի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել պաշտպանելու օտարերկրյա ներդրումը։ Այժմ գործը գտնվում է եզրափակիչ փուլում, կողմերը արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները վեճի վերաբերյալ։ Հունվար ամսին արբիտրաժային տրիբունալում սպասվում են գործի լսումներ, որից հետո արդեն տրիբունալը կկայացնի իր վերջնական որոշումը։

-Ինչպե՞ս է արտահայտվում Հայաստանի կողմից օտարերկրյա ներդրողի իրավունքները խախտելու հանգամանքը:

-Մեր կարծիքով, Հայաստանը խախտել է Էդմոնդ Խուդյանի և «Արին Կապիտալ»-ի կատարած ներդրումը՝ պայմանագրով ստանձնած պաշտպանելու իր պարտավորությունը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ-ի միջազգային պարտավորությունը ծագում է, ոչ թե այն փաստից, որ միջազգային ներդրողը հանցագործության տուժող կողմ է հանդիսանում, այլ այն, որ ՀՀ-ի իրավասու մարմինները անգործություն են դրսևորել՝ դադարեցնելու ներդրողի նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունները այն ժամանակ, երբ քաջատեղյակ են եղել կատարվող հանցավոր գործողությունների մասին։   Այնուամենայնիվ, այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը տրված է արբիտրաժային տրիբունալին, որի կայացրած որոշումը լինելու է վերջնական և պարտադիր իրավական ուժ է ունենալու վեճի կողմերի համար։  

-Այսպիսով, ո՞րն է արբիտրաժային տրիբունալ ներկայացրած Ձեր պահանջը, որքա՞ն գումար է ստիպված լինելու վճարել Հայաստանի Հանրապետությունը, եթե պարտվի այս գործով:

-Մենք պնդում ենք, որ Հայաստանը խախտել է Երկկողմանի Ներդրումային պայմանագրի մի շարք հոդվածներ։ Նախևառաջ ՀՀ-ն խախտել է միջազգային ներդրումային իրավունքում հայտնի արդարացի և հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ համաձայն որի օտարերկրյա ներդրումները բոլոր ժամանակներում պետք է լինեն լիարժեք պաշտպանված և անվտանգ և ոչ մի դեպքում նրանց չպետք է տրամադրվի միջազգային իրավունքով պահանջվող պայմանակարգից պակաս պայմանակարգ։  Ինչպես նաև, Հայաստանը խախտել է Երկկողմանի ներդրումային պայմանագրի այն հոդվածը, որը ենթադրում է, որ պայմանագրի որևէ Կողմ (մեր դեպքում՝ Հայաստանը) կամայական կամ խտրական միջոցներով կամ այլ կերպ չպետք է խոչընդոտի ներդրումների կառավարմանը, գործունեությանը, պահպանմանը, օգտագործմանը, գործածմանը, ձեռք բերմանը, ընդլայնմանը կամ օտարմանը, այլ կերպ ասած՝ չպետք է իրականացնի ազգայնացում կամ բռնագրավում։ Եվ վերջապես, Հայաստանը խախտել է ներդրումների, ներդրումային համաձայնագրերի և լիազորությունների առնչությամբ հայցերի հաստատման և իրավունքների կիրարկման արդյունավետ միջոցներ ապահովելու իր պարտավորությունը: Ուստի, արբիտրաժային տրիբունալ ներկայացվող մեր պահանջներից մեկն է Հայաստանին պարտավորեցնել վճարել փոխհատուցում և դրան հաշվարկված տոկոսներ՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման հիմքով: Հայցվորի հաղթանակի դեպքում, Հայաստանը պարտավորություն է ստանձնելու նաև վճարել hայցվորի կողմի ծախսերը՝ կապված արբիտրաժային տրիբունալի հետ, ներառյալ իրավախորհրդատուների բոլոր վարձավճարները, ինչպես նաև Արբիտրաժային տրիբունալի  քարտուղարությանը վճարվող վարձավճարները: Ընդհանուր առմամբ այս գործով hայցվորի պահանջը և ծախսերի արժեքները կազմում են միլիոնավոր դոլարներ։ Միջազգային արբիտրաժային տրիբունալ դիմելն արդեն իսկ բավականին մեծ ծախսերի հետ է կապված։ Յուրաքանչյուր դեպքում տրիբունալը անհատական մոտեցում է ցուցաբերում՝ կապված գործի փաստական և իրավական հանգամանքների հետ, մասնավորապես, թե պատասխանող կողմը պայմանագրով սահմանված ինչ պարտավորություններ է խախտել և որքանով և այլն։ Հետևաբար, ինքներդ կարող եք համոզվել, թե որքան թանկ կարող է արժենալ Հայաստանի բյուջեի համար այս տրիբունալում գործի պարտությունը: