«Եթե մենք որոտն էինք, ապա նա փայլն էր մեր մեջ». Պավլիկ Մանուկյանը «Հաց բերող»-ի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Դիմելով դատավորին վերջինս հայտնեց, որ դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ ժողովրդին մոլորեցնելու փորձ է արվում. «Ողջամիտ ժամկետ եք չէ ասում, բայց այս սատանայի կտակարանը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ մեզ և ժողովրդին զարմացնելու, և մոլորեցնելու անիմաստ փորձ է կատարվում: Եթե սկզբից կարողանայիք ասել այս ամենն արդարացի է, թե՞ ոչ, այս պատմությունը չէր լինի, մենք էլ այստեղ չէինք լինի»,- իր խոսքում նշեց նա:

Պավլիկ Մանուկյանը իր խոսքում անդրադարձավ նաև «Հաց բերող» Արթուր Սարգսյանին՝ նրան կոչելով «Լույս բերող»:

«Արթուրին ոչ թե «Հաց բերող» պետք է կոչել, այլ «Լույս բերող»: Արթուրը կտրեց խավարից լույսը և շող բերեց մեր ժողովրդին: Եթե մենք որոտն էինք, ապա նա փայլն էր մեր մեջ: Այնպես որ հանուն Արթուրի, հանուն հայ ժողովրդի, պետք է կարողանանք պահել Արթուրի տեսակը»,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Վերջինս հայ ժողովրդին կոչ արեց համախմբվելու և պայքարելու Սերժ Սարգյանի դեմ:

Նշենք, որ մարտի 16-ին կլրանա «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: