«Եթե Էդվարդ Գրիգորյանի փախարեն այդ քայլը կատարած լիներ իմ որդին, նա անձամբ կխոստովաներ դա». «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվեց Պավլիկ Մանուկյանը

Քիչ առաջ «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվեց Պավլիկ Մանուկյանը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց հարցաքննել Պավլիկ Մանուկյանին՝ իր տված անսպասելի հայտարարության հետ կապված:

Հիշեցնենք, որ նիստերից մեկի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ էր հանդես եկել: Նրա խոսքերով պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է եղել, այլ Էդվարդ Գիրգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:

Հարցաքննության ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտնեց, որ իր ասածը բացարձակ ճշմարտությունն է:

«Այլևս վերջ կեղծիքին, սա ճշմարտություն է: Եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ իմ որդին՝ Արամ Մանուկյանը, ապա նա անձամբ կխոստովաներ դա»,- ասաց նա:

Պատասխանելով մեղադրող կողմերի հարցերին Պավլիկ Մանուկյանը պատմեց, որ ինքն անձամբ ականատես է եղել կրակոցին՝ մեկ մետր հեռավորությունից. «Դա եղել է ՊՊԾ գնդի զինանոցի կողմի սենյակում, որտեղ Արմեն Բիլյանը չի էլ գտնվել: Այդ պատահական կրակոցից քիչ էր մնում զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը: Կրակոցը եղել է պատահական, Էդվարդ Գրիգորյանը թեթև «բզել» է ձգանը և միամիտ կպել է: Նա ինքն էլ չի ցանկացել կրակել և իրեն վատ է զգացել:  Երդվում եմ իմ նահատակ ընկերներով և ծնողներիս շիրիմներով, որ ոչ մեկը դիտմամբ ոչ մեկի չի ուզել վնասել: Բռնության կարիք չի եղել, մենք ոստիկանների հետ գրկելով-պաչելով ենք վերաբերվել»:

Մանուկյանի խոսքերով իրենք օգնել են վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանին և նա եղել է առողջ և առույգ, ինքն իր ոտքով քայլել է, իսկ ոստիկանների տված ցուցմունքերը համաձայն որոնց Գագիկ Մկրտչյանն Արմեն Բիլյանի ասել է. «ինչո՞ւ ինձ կրակեցիր», եղել են կեղծ:

Դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ է նա այսքան ժամանակ լռել և հիմա է որոշել հայտնել ճշմարտությունը, Մանուկյանը պատասխանեց, որ չի վստահել նախկին իշխանություններին, քանի որ այն եղել է չարիքի իշխանություն և ասելու դեպքում միևնույն է ոչ մի փոփոխություն չէր լինելու,  իսկ հիմա իրավիճակ է փոխվել և տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:

Անդրադառնալով բանկոմատի բացելուն Մանուկյանը հայտնեց, որ ինքը ներկա չի եղել և չի տեսել, թե ինչպես է այն բացվում. «Բանկոմատը բացվել է, բայց հափշտակություն տեղի չի ունեցել»:

Պավլիկ Մանուկյանի հարցաքննությունից հետո դատախազը միջնորդեց հարցաքննել նաև Էդվարդ Գրիգորյանին և Մխիթար Ավետիսյանին:

Էդվարդ Գրիգորյանը հրաժարվեց ցուցմունք տալուց և չպատասխանեց մեղադրողի հարցերին, իսկ Մխիթար Ավետիսյանը հայտնեց, որ ինքը բանկոմատի բացվելու հետ որևէ առնչություն չունի:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ անդրադառնալով Մանուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը որոշեց մերժել այն:

Մեկնաբանություններ