ԵԱՀԿ-ն հրապարակել է Ուկրաինայի հարցերով Մինսկի հանդիպման արձանագրությունը

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է Ուկրաինայի արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված համատեղ քայլերի վերաբերյալ Եռակողմ շփման խմբի` Մինսկում սեպտեմբերի 5-ին կայացած խորհրդակցությունների արձանագրությունը: Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լ. Կուչման, Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ա. Զախարչենկոն, Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ի. Պլոտնիցկին, Ուկրաինայում ՌԴ դեսպան Մ. Զուրաբովը և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հ. Տալյավինին: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է 12 կետից բաղկացած արձանագրություն է ստորագրվել` որոշակի քայլերի իրականացման անհրաժեշտության փոխըմբռնման վերաբերյալ:

Մասնավորապես, ընդունվել են հետևյալ կետերը.

  1. Անհապաղ ապահովել երկկողմանի հրադադար:
  2. Ապահովել ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի ռեժիմի մշտադիտարկում և հավաստանշում:
  3. Իրականացնել իշխանության ապակենտրոնացում` այդ թվում «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» Ուկրաինայի օրենքի ընդունման միջոցով (Հատուկ կարգավիճակի մասին օրենք):
  4. Ապահովել ԵԱՀԿ-ի կողմից ռուս-ուկրաինական պետական սահմանի մշտադիտարկում և հավաստանշում` ՌԴ և Ուկրաինայի սահմանակից շրջաններում անվտանգության գոտու ստեղծմամբ:
  5. Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և անօրինական կերպով պահվող անձանց:
  6. Օրենք ընդունել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում կատարված իրադարձությունների մասնակից անձանց հետապնդման և պատժի անթույլատրելիության մասին:
  7. Շարունակել ազգային համընդգրկուն երկխոսությունը:
  8. Միջոցներ ձեռք առնել Դոնբասում իրավիճակի բարելավման ուղղությամբ:
  9. Ապահովել արտահերթ տեղական ընտրությունների իրականացում` համաձայն «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» Ուկրաինայի օրենքի (Հատուկ կարգավիճակի մասին օրենք):
  10. Ուկրաինայի տարածքից դուրս բերել անօրինական զինված խմբավորումները, ռազմական տեխնիկան, ինչպես նաև զինյալներին և վարձկաններին:
  11. Ընդունել Դոնբասի տնտեսական վերակառուցման և տարածաշրջանի կենսագործունեության վերականգնման ծրագիր:
  12. Խորհրդակցությունների մասնակիցներին տրամադրել անձնական անվտանգության երաշխիքներ:

Մեկնաբանություններ