«Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ ավարտվեց Երևանում բողոքի ցույցերն առաջնորդող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և  վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում, որը տևեց շատ կարճ: Ձեզ ենք ներկայացնում տեղի ունեցած հանդիպման սղագրած տարբերակը.

«Նախ՝ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ՝ ուրախ եմ»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա, որովհետեւ երբ երեկ խոսել ենք պարոն Սարգսյանի մասով, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է: Եվ ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանն էլ ի պատասխան. «Դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եվ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում ե ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է՝ ընտրեք»:

«Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ, որ շատ հստակ լինի, որ ընդհանրապես մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Սերժ Սրագսյանը ասաց, որ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու. «Եվ ես այլեւս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում…»:

Փաշինյանը միջամտեց խոսքը ասելով.  «Ուրեմն, ես ձեզ ասում եմ, որ մեր գործողություններն օրինական են»:

Սերժ Սարգսյանն  էլ վեր կացավ ցտեսություն ասաց և դիմեց լրագրողներին. «Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»:

Մեկնաբանություններ