«Բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում փոխանցման պայմանների մասին». Փաշինյանի հայտարարությունը

Այսօր Հանրապետության հրապարակը մյուս օրերի նման մարդաշատ է: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները հերթով ելույթներով հանդես եկան, որից հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դիմեց ժողովրդին՝ հայտնելով, որ ամեն նոր օր գալիս է ապացուցելու թավշյա հեղափոխության խաղթանակը: Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության մասին՝ Փաշինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ երկրում վիճակը փոխվել է և իր իմացած Հայաստանն այլևս գոյություն չունի:

«Ես առանց որևէ մի գրամ կեղծիքի, եղբայրական հորդորով դիմում եմ ԱԱԾ-ի տնօրնեին, ոստիկանության պետին, պաշտպանության նախարարին՝ գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ ինքը չի հասկանում, որ երկրում իշխանությունն արդեն փոխվել է, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել, որ իմ ձերբակալությամբ որևէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու: Գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է և ավելի լավ է նա առանց ավելորդությունների, հենց այսօր, այս երեկոյան ուղղակի հրաժարական տա»,- իր խոսքում նշեց նա:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը և նրա այցին Հանրապետության հրապարակ:

«Ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել և ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ 3-րդ չեզոք վայրում: Ես շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցական պրոցեսի միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունը անցնցում ձևով փախանցելու օրակարգը: Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև այդ գործընթացը կետ առ կետ, համաձայն որի՝

1.Սերժ Սարգսյանը հրաժարական պետք է տա,

2.ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կորոշի Հանրապետության հրապարակում,

3.Ձևավորովում է ժամանակավոր կառավարություն, ստեղծվում են նաև օրենսդրական երաշխիքներ, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:

«Սա է մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը»,- ասաց Փաշինյանը և խնդրեց ժողովրդին լիազորել իրեն այդպիսի բանակցությունների մասնակցելու համար:

Որից հետո ժողովուրդը սկսեց ծափահարել նրան և բղավել՝ «Նի-կոլ, Նի-կոլ»: