Դորնեանն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության

Դիմումատուն՝ Լեոնիդ Դորնեանը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1951 թվականին և ապրում է Մոլդովայի Տրինկա գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր նախկին կնոջ և իրենց համատեղ չափահաս երեխաների կողմից հարձակման ենթարկվելու վերաբերյալ։

2005 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում Դիմումատուն մի քանի անգամ բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝ իր նախկին կնոջ և երեխաների կողմից հարձակման մի քանի դեպքերի վերաբերյալ։ 2006 թվականի դեկտեմբերին Դիմումատուն իր նախկին կնոջ և երեխաների կողմից կրկին հարձակման է ենթարկվել իր տանը, ինչի հետևանքով նա ձախ արմունկի հատվածում մարմնական վնասվածք է ստացել։ Այնուհետև, Դիմումատուն բողոք է ներկայացրել դատարան, սակայն քննիչները չորս տարի շարունակ ուսումնասիրել են Դիմումատուի բողոքը։ 2010 թվականին Դիմումատուի գործով հետաքննությունը վերջնականապես դադարեցվել է։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս բողոքել է իր նախկին կնոջ և երեխաների կողմից մի քանի անգամ հարձակման ենթարկվելու մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ իր գործով նախնական հետաքննության ժամկետը երկարաձգվել է, և Մոլդովայի իշխանությունները պատշաճ կերպով չեն իրականացրել հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։  Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո և 17․529 մոլդովական լեյ գումարի չափով փոխհատուցում՝ դատական ծախսերի համար։

Մեկնաբանություններ