Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները ՀՀ-ում

Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում[1]
Գոհար Ա. Գևորգյան
փաստաբան
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ
Տարոն Վ. Սիմոնյան
իրավ. գիտ. թեկնածու,
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ
 

Բանալի բառեր՝ երեխայի իրավունք, լսված լինելու իրավունք, երեխայի լավագույն շահ, հայացքները ձևակերպելու ունակություն, հայացքները ազատ արտահայտել և այլն:

Հայաստանի Հնարապտությունը՝ որպես զարգացող պետություն, ունի դեռևս ձևավորվող ու կատարելագործվող օրենսդրություն: Իսկ ինչպես գիտենք, ցանկացած իրավունքի համակարգ ունի իր ձևավորման ու զարգացման փուլերը, որոնցից խուսափել հնարավոր չէ, սակայն արագացնել՝ միանգամայն: Ասվածը հատկապես վերաբերելի է այնպիսի բնագավառների, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու կյանքին, առողջությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այս բնագավառների կարգավորման օրենսդրական կառուցակարգերի կատարելագործմանն ուղղված ջանքերը դժվար թե հանդիպեն քաղաքական կամ այլ խոչընդոտների, որոնք արհեստականորեն կնվազեցնեն դրանց զարգացման արագությունն ու հնարավորությունը: Նշված խնդիրների հաղթահարման գործում մեզ աջակցության են գալիս արտասահմանյան փորձը, զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների անցած պատմությունը, առավելապես՝ միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց նպատակն ու առաքելությունը ճիշտ ըմբռնելու դեպքում դրանք կարող են փարոսի դեր կատարել իրավական ավանդույթների բազմազանությունում դեգերող Հայաստանի Հանրապետություն օրենսդրական համակարգի համար: 

Այսպես, «Երեխաների իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայով, որը վավերացվել և Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ-ի հուլիսի 22-ին, սահմանվում է.

«1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:

Երեխայի լավագույն շահին ուշադրություն դարձնող հայ ժողովուրդը, որի համար ընտանիքն ու երեխան բարեբախտաբար դեռևս շարունակում են գաղափարապես բարձրագույն արժեք ներկայացնել, դեռևս չունի նույն ամուսնաընտանեկան հարաբերություններն ու երեխաների անհոգ ու երջանիկ մանկությունը պաշտպանող զարգացած օրենսդրություն: Չմեկնաբանելով վերը նշված մտքի` խորը իրավական ու սոցիալական օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները` նշենք, որ այդպիսի օրենսդրական բացերից մեկն էլ երեխայի՝ լսված լինելու իրավունքն է:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածը սահմանում է.

«1. Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։
2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ»:

Այսպես, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի հոդված 44-ի երկրորդ մասը պարտադիր է համարում միայն տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը` «կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում»:  Նույն հոդվածի երրորդ մասը շարունակում է նույն ոգով և սահմանում, որ օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։

Նույն տրամաբանությունն է առկա նաև Ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածի /Ծնողական իրավունքների պաշտպանությունը/ առաջին կետի երկրորդ պարագրաֆում. «Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում  երեխայի շահերից»։

Ի՞նչ է ստացվում. երեխայի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող հարցերի լուծման ժամանակ միակ իրավունքը, որը  տրվում է տասը տարին չլրացած երեխային, Ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի առաջին կետով է սահմանվում, որտեղ չի նշվում որևէ տարիքային սահմանափակում. «Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում»։

Սակայն, ինչպես վերը նշվել է, խնդիրը կարգավորվում է ոչ միայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքով, այլև դրանից ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված «Երեխաների իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայով:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»: Իսկ սա նշանակում է, որ եթե հակասություն լինի Ընտանեկան օրենսգրքի և Կոնվենցիայի դրույթների միջև, կիրառելի են վերջինիս դրույթները:

«Երեխաների իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի հոդված 3-ը սահմանում է. «1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»։

Ավելին. Կոնվենցիան խնդրի հետ կախված տալիս է մանրամասն կարգավորում: Մասնավորապես,  Կոնվենցիայի հոդված 12-ը սահմանում է. «1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի  հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով»:

Կոնվենցիայի համապատասխան դրույթների միակ և պաշտոնական մեկնաբանությունը մանրամասն անդրադառնում է այս դրույթում առկա յուրաքանչյուր արտահայտությանը: 2009թ-ի հուլիսի 20-ի ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 51-րդ նստաշրջանում (Ժնև), համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ-ի կոնվենցիայի[2] 31-րդ հոդվածի, ընդունվել է  12-րդ  Գլխավոր մեկնաբանությունը (CRC/C/GC/12) (այսուհետ` Գլխավոր մեկնաբանություն), ինչն էլ անդրադարձել է դատարանում լսվելու երեխայի իրավունքին և մեկնաբանել այն: Ի դեպ, նշենք, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նման լիազորությունները ամրագրված են նույն Կոնվենցիայի 43-րդ հոդվածում: Այսպես, Գլխավոր մեկնաբանությունը մանրամասն մեկնաբանում է յուրաքանչյուր արտահայտություն, որն առկա է Կոնվենցիայի 12-րդ հոդվածում:

Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին. հոդված 12-ում սահմանված է. «պետություններն ապահովում են երեխայի` իր հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունքը»: Գլխավոր մեկնաբանությունը  համարում է, որ «ապահովում է» արտահայտությունը հատուկ կարևորության իրավական տերմին է, որը անդամ պետությունների հայեցողությունում գործողությունների ազատություն թույլ չի տալիս: Հետևաբար պետությունները հստակ պարտավորության տակ են` ապահովել համապատասխան միջոցներ այս իրավունքը բոլոր երեխաների համար ամբողջությանբ կիրառելու համար: Այս պարտավորությունը պարունակում է երկու տարր, որոնք ցույց են տալիս, թե արդյոք առկա են այդ մեխանիզմները, որոնք արտահայտում են երեխային վերաբերող իր իսկ հայացքները, և որոնք կարող են կշիռ տալ այդ հայացքներին[3]:

Այդ երկու տարրերից առաջինը «իր հայացքները ձևակերպելու ընդունակությունն է»:  Գլխավոր մեկնաբանությունը մեկնաբանում է, որ «Այս արտահայտությունը չպետք է հասկացվի որպես սահմանափակում, այլև հակառակը` անդամ պետությունների համար պարտավորություն` նպաստել իր հայացքները ձևակերպելու ընդունակությանը, որպեսզի երեխան ձևավորի ինքնուրույն կարծիք, որքանով որ դա հնարավոր է: Սա նշանակում է, որ անդամ պետությունները չեն կարող սկսել իր հայացքները արտահայտելու երեխայի անընդունակության կանխավարկածից: Հակառակը. անդամ պետությունները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ երեխան ընդունակ է արտահայտելու իր սեփական տեսակաետերը և ճանաչել, որ նա ունի դրանք արտահայտելու իրավունք. երեխան չէ, որ առաջինն է ապացուցելու իր ընդունակությունը[4]»: Ավելին, «Կոմիտեն կարևորում է, որ հոդված 12-ը չի սահմանում որևէ տարիքային սահմանափակում, և կոչ է անում անդամ պետություններին ձեռնպահ մնալ օրենքով կամ պրակտիկայով տարիքային սահմանափակումներ սահմանելուց, որը կսահմանափակի երեխայի լսվելու իրավունքը բոլոր դեպքերում, որոնք առնչվում են իրեն: Այս առնչությամբ Կոմիտեն ընդգծում է, որ.

  1. 2004 թ.-ին վաղ տարիքում երեխաների իրավունքների կիրառման գլխավոր քննարկումներին հաջորդող օրվա իր առաջարկություններում Կոմիտեն ընդգծեց, որ երեխայի` որպես իրավունքների կրողի հայեցակարգը «… խարսխված է երեխայի ամենօրյա կյանքում` սկսած ամենավաղ տարիքից[5]»։Հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխան ունակ է ձևավորել իր հայացքները ամենավաղ տարիքից, նույնիս եթե նա ընդունակ չէ դրանք բանավոր ձևով արտահայտել[6]: Հետևաբար, հոդված 12-ի ամբողջական կիրառումը [նույնիսկ] պահանջում է ճանաչում, հարգանք փոխհարաբերության ոչ բանավոր ձևերին, այդ թվում` խաղին, մարմնի լեզվին, դեմքի արտահայտություններին, նկարչությանը, որոնց միջոցով շատ փոքր տարիքի երեխաները ցուցաբերում են հասկացողություն, ընտրություն և նախասիրություններ:
  2. Անհրաժեշտ չէ, որ երեխան ունենա իրեն առնչվող գործի բոլոր ասպեկտների վերաբերյալ հարուստ գիտելիքներ, այլ բավական է համապատասխան հասկացում, որ ընդունակ է համապատասխանաբար ձևավորել խնդրի վերաբերյալ իր հայացքները:
  3. Անդամ պետությունները նույնպես պարտավոր են ապահովել երեխաների համար այս իրավունքի իրականացումը, երբ վերջիններս խնդիրներ են ունենում իրենց տեսակետերը արտահայտել: Ջանքերը պետք է ուղղված լինեն փոքրամասնությունների, բնիկ ու տեղափոխված (միգրանտ) և այլ երեխաների արտահայտվելու իրավունքը ճանաչելուն:
  4. …. Անդամ պետությունները պարտավոր են ապահեվել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որ լսվելու իրավունքը կիրառվի` ապահովելով երեխայի ամբողջական պաշտպանությունը[7]»:

Երկրորդ կարևոր տարրը, որ նշվում է Գլխավոր մեկնաբանությունում, «հայացքները ազատ արտահայտելն» է: Իսկ «Ազատորեն» նշանակում է, որ երեխան կարող է արտահայտել իր հայացքները ազատ՝ առանց ճնշման, և կարող է ընտրել, թե արդյոք ցանկանում է իրացնել իր լսվելու իրավունքը: «Ազատորեն» նաև նշանակում է, որ երեխան չպետք է մանիպուլացիայի ենթարկվի կամ չափից դուրս ազդեցության կամ ճնշման առարկա լինի։«Ազատորեն», այնուհետև, վերաբերում է երեխայի «սեփական» տեսակետին. երեխան իրավունք ունի արտահայտել իր սեփական և ոչ թե այլոց հայացքները[8]»:

Գլխավոր մեկնաբանությունն այնուհետև շարունակում է. «Անդամ պետությունները պետք է ապահովեն հայացքների արտահայտման պայմաններ, որոնք հաշվի են առնում երեխայի անհատական և սոցիալական վիճակը ու միջավայրը, որտեղ երեխան զգում է հարգված և ապահով իր կարծիքները ազատորեն արտահայտելիս[9]»։

Շարունակելով՝ Գլխավոր մեկնաբանությունն անդրադառնում է «տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն» արտահայտությանը: Համաձայն Գլխավոր մեկնաբանության. «Երեխայի հայացքներին պետք է ցուցաբերվի պատշաճ ուշադրություն` նրա տարիքին և հասունությանը համապատասխան: Այս կետը վերաբերում է երեխայի ընդունակությանը, որը պետք է գնահատվի, որպեսզի նրա հայացքներին պատշաճ ուշադրություն ցուցաբերվի, կամ երեխայի հետ հարաբերվելուն այնպես, որ այդ հայացքները ազդեն գործընթացի հետևանքների վրա: Հոդված 12-ը սահմանում է, որ  միայն երեխային լսելը բավարար չէ. երեխայի հայացքները պետք է լրջորեն հաշվի առնվեն, երբ երեխան ունակ է ձևակերպել իր հայացքները[10]»։  «Պահանջելով, որ տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն ցուցաբերվի, հոդված 12-ը պարզ է դարձնում, որ միայն տարիքը չի կարող որոշել երեխայի հայացքների կարևորությունը: Երեխաների հասկացողության մակարդակները միանշանակորեն կապված չեն կենսաբանական տարիքին: Հետազոտությունը ցուց է տվել, որ տեղեկատվությունը, փորձը, միջավայրը, սոցիալական և մշակութային սպասումները, ինչպես նաև աջակցության մակարդակը` բոլորը միասին նպաստում են երեխայի` հայացք  ձևավորելու ընդունակությունը: Այս պատճառով երեխայի հայացքները պետք է գնահատվեն` առանձին գործեր հետազոտելով[11]»։ Եվ «եթե երեխան ընդունակ է ձևավորել իր սեփական հայացքները տրամաբանված և անկախ ձևով, ապա որոշում ընդունողը պարտավոր է երեխայի հայացքները դիտարկել որպես կարևոր գործոն` հիմնախնդիրը լուծելիս[12]»։ Ապա, անդրադառնալով երեխայի հասունության կարևորման հարցին, սահմանվում է. «Հասունությունը վերաբերում է առանձին խնդիրների կիրառումներ հասկանալուն և գնահատելուն, և հետևաբար երեխայի անհատական ունակությունները որոշելիս դա պետք է քննարկվի: Հասունությունը դժվար է սահմանել. հոդված 12-ի իմաստով այն երեխայի ունակությունն է` խնդիրների վերաբերյալ արտահայտելու իր հայացքները տրամաբանված և ազատ ձևով: Երեխայի վրա խնդրի ազդեցությունը նույնպես պետք է հաշվի առնվի: Որքան մեծ է երեխայի կյանքի վրա հետևանքների ազդեցությունը, այդքան վերաբերելի է երեխայի հասունության համապատասխան գնահատումը[13]»:

Երեխային վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ վերջինիս ձայնը լսելի դարձնելուն է նվիրված Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, որի վերաբերյալ Գլխավոր մեկնաբանությունը սահմանում է. «Կոմիտեն կարևորում է, որ դրույթը կիառվում է երեխային վերաբերող բոլոր վերաբերելի դատական գործընթացներին` առանց սահմանափակումների»[14]։ Այնուհետև Գլխավոր մեկնաբանությունը առանձին ուշադրությամբ անդրադառնում է ծնողներից երեխային վերցնելու, այլ կերպ ծնողական իրավունքների սահմանափակման ժամանակ երեխայի կարծիքը հարցնելուն. «Երբ էլ որ որոշում է կայացվում երեխային ընտանիքից [ծնողից] վերցնելու վերաբերյալ, … երեխայի կարծիքը պարտադիր է հաշվի առնել, որպեսզի որոշակիացվեն երեխայի լավագույն շահերը»[15]։

Ավելին. «Կոմիտեն կոչ է անում անդամ պետություններին օրենսդրության, կարգավորումների և քաղաքական դիրեկտիվների միջոցով ապահովել, որ երեխայի հայացքները պահանջվեն և քննարկվեն, ինչպես նաև քննարկվեն նրանց որոշումները, որոնք վերաբերում են խնամքի իրականացման վայրին կամ տանը, խնամքի ծրագրերի զարգացման և վերանայմանը, ինչպես նաև ծնողների և ընտանիքի այցելություններին»[16]։ Գլխավոր մեկնաբանությունն ընդգծում է, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի հետ միասին 13-րդ և 17-րդ հոդվածները ամրագրում են, որ «երեխաները իրավունքի սուբյեկտ են, և հաստատում են, որ երեխան իրավասու է կենսագործել այդ իրավունքները ինքնուրույն` իր ձևավորվող ունակության համապատասխան[17]։

Ի վերջո` Գլխավոր մեկնաբանությունը եզրակացնում է, որ լսվելու և որոշում ընդունող մարմնի կողմից իր կարծիքը հաշվի առնվելու երեխայի իրավունքը «Յուրաքանչյուր երեխայի իրավունքն է` առանց որևէ սահմանափակման»[18]։

Այսպիսով, ելնելով վերոգրյալից` անհրաժեշտ է եզրակացնել, որ Ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 57-հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը, որոնք տարիքային սահմանափակում են մտցնում Դատարանում երեխայի լսվելու, նրա կարծիքը հաշվի առնելու համար, հակասում են Կոնվենցիայի 12-րդ հոդվածին, իսկ համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, գերապատվությունը պետք է տրվի վավերացված միջազգային պայմանագրի նորմերին. այսինքն` Կոնվենցիայի 12-րդ հոդվածին: Հետևաբար դատարանները, լսելով երեխաների իրավունքներին առնչվող գործերը, պարտավոր են, հաշվի առնելով Կոնվենցիայի12-րդ հոդվածը, անձամբ լսել և հաշվի առներ երեխայի կարծիքը, քանի որ հոդված 12-ի հիմնական պահանջն է, որ «երբ էլ որ որոշում է կայացվում երեխային ընտանիքից [ծնողից] վերցնելու վերաբերյալ, … երեխայի կարծիքը պարտադիր է հաշվի առնել, որպեսզի որոշակիացվեն երեխայի լավագույն շահերը»[19]։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ամրագրելով իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, այն տալիս է յուրանքանչյուր անձի, իրավունք, որի իրացումը չի կարող կախվածության մեջ դրվել անձի տարիքից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից կամ սեռից, իրավունք, որի իրացման համար անհրաժեշտ է ունենալ կամք, գիտակցություն, արտահայտվելու կարողություն։

Թե որքանով ու որ տարիքից սկսած այս ամենը կարող է ունենալ մանկահասակը՝ դժվար է որոշել, հետևաբար և սխալ է ամբողջացնել ու բոլորի վրա տարածել մի կաղապար, եթե կարելի է վարվել ճիշտ հակառակ կերպ։ Ցավոք սրտի, այսօր մեր դատավարական պրակտիկան հակված է կաղապարվել ՀՀ օրենսդրական նորմերի պահանջներով՝ անտեսելով նույն օրենսդրության մասը կազմող միջազգային պայմանագրերի պահանջները։ Արդյունքում ստացվում է այնպես, որ 9 տարեկան 11 ամսեկան երեխան զրկվում է դատարանում իր իսկ իրավունքներին առնչվող հարցերի շուրջ իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից, իսկ օրերս 10 տարին բոլորած փոքրիկը, ով իր զարգացվածության մակարդակով, շրջակա միջավայրն ընկալելու ու իր մտքերը ճիշտ ձևակերպելու հարցերում գուցե շատ անգամ ավելի թույլ է զարգացած, քան նախորդը, հնարավորություն է ունենում հանդես գալ դատարանում։ Այսպես թե այնպես, երեխայի կարծիքը դատավորի համար խորհրդատվական բնույթ է կրում և չի կարող պարտադիր լինել, հետևաբար ո՞րն է տրամաբանությունը, որ արտահայտվելու իրավունքից զրկվի, օրինակ, 9 տարեկան երեխան։ Եթե մենք խուսափում ենք երեխաներին դատարան տանելուց, նրանց լրացուցիչ սթրեսի ենթարկելուց, ապա «դատարանը կարող է գնալ նրանց մոտ»։ Այսօր աշխարհն ունի յուվենալ արդարադատության զարգացած փորձ, ու երեխաներին իրենց բնական սոցիալական միջավայրում հարցաքննելը իրավագիտության մեջ վաղուց արդեն նորություն չէ։ Ասվածը չի պարտադրում ստեղծել յուվենալ դատարաններ կամ մասնագիտացված այլ կառույցներ, բայց և չի նշանակում, որ առհասարակ պետք է անտեսել ընտանիքն ու երեխաների պաշտպանությունը։ Չկորցնելով հավատն առ այն, որ մեր իրավահարաբերությունների հետագա զարգացումը մեզ կհասցնի յուվենալ դատարանների ստեղծմանը (մասնագիտացված դատարաններ, որոնց ընդդատյա կլինեն անչափահասների մասնակցությամբ բոլոր գործերը՝ քրեական, քաղաքացիական, ընտանեկան, վարչական և այլն)՝ այնուամենայնիվ ներկայումս դրանց մասին խոսելը շուտ է։ Հետևաբար կարող ենք սկսել առաջին քայլերը, դուրս գալ դատավարության կաղապարված պատկերացումներից, դատավարական նորմերը դարձնել անձի իրավունքների պաշտպանության գործիք և ոչ թե իրավունքների պաշտպանության հնարավությունները սահմանափակ օղակ, որի դեպքում դատավարության մասնակիցը կամ օղակի մեջն է, կամ դուրսը։ Առողջ հասարակություն ու առողջ սերունդ ապահովելու պետության պարտականությունը սահմանադրական պարտականություն է, հասարակության պահանջը՝ բնական։

Այստեղից հետևութուն. հասարակության յուրաքանչյուր մասնակից, այդ թվում և ամենափոքրահասակ անդամները պետք է հնարավորություն ունենան արտահայտվելու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք որևէ կերպ առնչվում են իրենց իրավունքներին ու պարտականություններին։ Արդարացի են այն հակափաստարկներն առ այն, որ եթե կշեռքի մի նժարին դնենք դատարանում երեխայի արտահայտվելու իրավունքը, իսկ մյուսին՝ այդ նույն դատարանում ստացված հոգեբանական հարվածները, երկրորդ նժարը կարող է գերակշռել։ Սակայն երբ դատարանին հնարավորությւոն ենք տալիս երեխայի լսված լինելու իրավունքը համատեղել դատական նիստի դահլիճից դուրս, առանց ձևական ընթացակարգերի, հոգեբանի մասնակցությամբ կամ օժանդակությամբ մասնագիտացված (վերապատրաստված) դատավորի մոտ, ապա կշեռքի երկրորդ նժարը վերանում է, առաջինի կշիռը՝ մեծանում։

Բարձարացված հարցի արդիականությունը պայմանավորված է նաև այն հանգամանով, որ մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում կարող ենք հանդիպել անչափահասների՝ լսված լինելու իրավունքի իրացման ապահովման մեխանիզմների ապահովմանն ուղղված փոքրիկ ակնարկի։

Այսպես, օրենսգրքի նախագծի 4-րդ հոդվածը սահմանում է.

«7. Օրենքով նախատեսված դեպքերում որոշակի իրավահարաբերություններից ծագող գործերով անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։

8. Անչափահասները և սահմանափակ գործունակ ճանաչված անձինք գործի քննության ընթացքում իրենց շահերին առնչվող հարցերի վերաբերյալ ունեն լսվելու իրավունք»։

Ինչպես տեսնում ենք, առաջին քայլ արված է։ Սակայն եթե իրականությանը նայենք ռեալիստական դիրքերից, կարող ենք պնդել, որ օրենքի այս փոքրիկ ակնարկն առանց գործուն կառուցակարգերի կստանա ճիշտ նույն կիրառությունն, ինչն առկա է մեր դատավարական պրակտիկայում, իսկ անչափահաս եզրույթը դատարաների կողմից կշարունակվի մեկնաբանվել նեղ իմաստով։

Դատավարության նոր օրենսգրքի նախագծի 23-րդ գլուխն ամբողջությամն նվիրված է ընտանեկան գործերով վարույթին, որի 187-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է. «3.Ընտանեկան գործ քննելիս դատարանը որպես ելակետ ընդունում է երեխայի շահերի առավելագույն ապահովման անհրաժեշտությունը»: Կարծում ենք, որ ոչ այլ երբ, քան հիմա, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները սկսածը ավարտին հասցնելու համար, քանզի ամրագրված սկզբունքներն ու նյութական իրավունքի նորմերն ի կատար ածելու համար դատավարական պրակտիկայի կատարելագործմանը կամ ՀՀ ճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին սպասելու փոխարեն այսօր մենք իրական հնարավորություն ունենք դա կատարել առավել կառուցողական ու համակարգված եղանակով՝ օրենսդրական ճանապարհով։

ЗАКОНОДАТЕЛЬНЫЕ ПРОБЛЕМЫ ПРАВА РЕБЕНКА БЫТЬ УСЛЫШАННЫМ В СУДЕ В РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Гоар А. Геворгян
Адвокат
Соискатель кафедры Угаловного процесса и криминалистики ЕГУ
Тарон В. Симонян
к.ю.н
Асистент кафедры Теории и истории права и государства ЕГУ

Защита интересов детей в каждом государстве, в том числе и в РА является первоначальной целью. Однако на сегодняшний день армянская нация, для которой семья и ребенок продолжают иметь наибольшее значение, не имеет развитого законодательства обеспечивающего беззаботное и счастливое детство детей.

Одним из таких законодательных пробелов является отсутствие механизмов реализации прав ребенка быть выслушанным в рамках слушании дел касающихся их прав и обязательств.

Статья направлена на выявление актуальности законодательного обеспечения реализации права ребенка быть выслушанным, исходя международно-правовых договоров ратифицированных РА.

Ключевые словаправо ребенка, право быть услышанным, наилучший интерес ребенка, способность формировать взгляды, свободно выражать взгляды и т.д.

LEGISLATIVE ISSUES OF A CHILD TO BE HEARD BEFORE THE COURT IN THE REPUBLIC OF ARMENIA

Gohar A. Gevorgyan
Advocate
Ph.D. student at the Chair of Criminal Processing and Criminalistics, YSU
Taron V. Simonyan
Ph.D in Law
Asisting Professor at the Chair of Theory and History of Law, YSU
 

The protection of children’s interests is the initial goal of each state, including the Republic of Armenia. However, today, the Armenian nation, for whom a family and a child continue to have the highest value, has not developed an appropriate legislation providing carefree and happy childhood.

One of such gaps is the lack of legislative mechanisms for the implementation of children’s rights to be heard within the hearing of cases concerning their rights and obligations.

The present article seeks to identify the relevance of legislative support for the child’s right to be heard on the basis of international legal treaties ratified by the Republic of Armenia.

Key words: children’s right, right to be heard, best interest of a child, capability to form views, to express views freely, etc.

[1]  Տպագրված է ՀՀ իրավաբանների ասոցիացիայի «Պետություն և իրավունք» ամսագրում (2014թ.):

[2] Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ-ի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005թ-ի հունիսի 16-ին:

[3] GENERAL COMMENT NO. 12 (2009), COMMITTEE ON THE RIGHTS OF THE CHILD, Fifty-first session, CRC/C/GC/12, 20 July 2009, այսուհետ` CRC/C/GC/12, para. 19.

[4]  CRC/C/GC/12, para. 20.

[5]  CRC/C/GC/7/Rev.1, para. 14.

[6] Cf. Lansdown G., “The evolving capacities of the child”, Innocenti Research Centre, UNICEF/Save the Children, Florence (2005).

[7] CRC/C/GC/12, para. 21.

[8] CRC/C/GC/12, para. 22.

[9] CRC/C/GC/12, para. 23.

[10] CRC/C/GC/12, para. 28.

[11] CRC/C/GC/12, para. 29.

[12] CRC/C/GC/12, para. 44.

[13] CRC/C/GC/12, para. 30.

[14] CRC/C/GC/12, para. 32.

[15] CRC/C/GC/12, para. 53.

[16] CRC/C/GC/12, para. 54.

[17] CRC/C/GC/12, para. 80.

[18] CRC/C/GC/12, para. 135.

[19] CRC/C/GC/12, para. 53.

Մեկնաբանություններ