Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունները մեկը մյուսի ետևից դատավորը մերժեց. «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը:   

Գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ ամեն անգամ դատարան բերվելուց հետո իր ինքնազգացողությունը վատանում է և բավականին բարձր ճնշում է ունենում: Կարո Եղնուկյանը նշում է, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին. «Ես կամովի հրաժարվում եմ դատական նիստերից առաջիկա 3-5 տարում, երբ իմ գործով հեռախոսային ձայնագրությունները լսելու ժամակը կգա ես կգամ: Ես բազմիցս ասել եմ, որ դատական նիստերին ցանկանում մասնակցել»,- ասաց ամբաստանյալը, հավելելով, որ ՔԿՀ-ի բժիշկը իրեն դատարան գալուց առաջ համապատասխան դեղահաբ է տալիս, զուտ հետևանքը վերացնելու համար, իսկ հիմա էլ առաջարկում է դեղահաբի հզորությունը ավելացնել՝ վերջինս էլ հրաժարվում է:

«ՔԿՀ-ի բժիշկը պատճառը վերացնելու փոխարեն հետևանքն է վերացնում: Ես հրաժարվում եմ դանդաղ մահվան գնալ»,-հայտարարեց Կարո Եղնուկյանը:

Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյան էլ դիմեց դատարանին, որպեսզի վերջինս թույլ տա ամբաստանյալին նիստերին չմասնակցել, ինչը բնորոշեց՝  խոշտանգում անձի նկատմամբ:

Դատավորը որոշեց,որ ասյօրվա դատական նիստին ամբաստանյալ Կարո Եղնուկյանը կարող է չմասնակցել, սակյան մյուս նիստերի հետ կապված անհրաժեշտ է բժշկից համապատասխան թղթեր:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, հիմք ընդունելով վերջինիս տված հարցազրույցը, որում դատավորը նախորդ 5 ամիսների դատական նիստերի տապալման մեջ ակնհայտ մեղավոր էր համարում պաշտպաններին:

Պաշտպանական կողմը բարձրաձայնեց այն մասին, որ դատավոր Գաբրիելյանն առանց տեսնելու կարգադրիչների վարքագիծը հարցազրույցում նշել է, որ կարգադրիչներն իրենց լիազորություններն են կատարել, իսկ պաշտպանները հանիրավի վերջիններիս մեղադրել են խուզարկություն կատարելու մեջ:

Հարցազրույցում արտահայտած մտքերը պաշտպանական կոմը դիտարկեց ակնհայտ բացասական վերաբերմունք   է արտահայտում  սույն գործում ներգրավված փաստաբանների նկատմամբ. «Հասկանում եմ, գայթագղությունը մեծ էրփաստաբանները հարցազրույցներ տալիս են իսկ դուք ոչ: Դուք իրավունք չունեիք գործի վերաբերյալ հարցազրույց տալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է, որ դատավորը ինքն իրեն զրկել է հարցազրույց տալուց»,-հիմնավորեց պաշտպանը:

«Ինքնաբացարկը ձևական բնույթ է կրում, նոր առաջարկ արեք»,-ասաց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:

ԴԱտավորն էլ իր հերթին արդարացավ. «Ասուլի եմ տվել, ի՞նչ եմ տվել. դա գործի հետ կապ չունի»:

Մեղադրող Հակոբ Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ մանրամասնելով, որ  դատավորի հարցազրույցը վերջինիս կողմնակալ կամ աչառու լինելու վերաբերյալ տվյալներ չի պարունակում: Մեղադրողը նշեց, որ դատավորը հարցազրույցում  պարզապես նիստերի հետաձգման պատճառների մասին է խոսել:

Դատարանը ընդմիջումից հետո հայտնեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում: Որոշումից հետո պաշտպան Մուշեղ Շուշանյանը կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդությւոն ներկայացրեց՝ կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը: Միջնորդությւոնը կրկին մերժվեց: Միջնորդության հերթական մերժումից հետո կրկին եղավ ինքնաբացարկի միջնորդություն, այս անգամ արդեն պաշտպան Արա Ղարագյոզյանի կողմից, սակայն այս միջնորդությունը ևս մերժվեց:

Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց, որ վերջինիս խափանման միջոցը փոփոխվի, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ