22-ամյա բժիշկի սպանության գործով նիստը հետաձգվեց դատավորի վատառողջ լինելու պատճառով

Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց 22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով դատական  նիստը:

Նիստերի քարտուղարուհին ներկաներին հայտնեց, որ դատական նիստը կսկսվի մի փոքր ուշ։ 30  րոպե անց նա հայտնեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ դատավորը իրեն լավ չի զգում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, որը նախատեսում է  8-15 տարի ազատազրկում:

Ըստ մեղադրնաքի` 2016 թ. հոկտեմբերի 19-ին Երևանի Թեհլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում գտնվող իր աշխատասենյակում Վահան Ղազարյանը հանդիպել է  Լևոն Սահակյանին և վերջինիս  նշանած` Ա. Թովմասյանին, աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ նրա հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ  մտել: Այդ միջադեպի ժամանակ Վահան Ղազարյանն իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Լևոն Սահակյանի ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ. Սահակյանը սրտի և թոքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև՝ մահացել:

Ելենա Արամյան