Կարեն Հ.-ն մեղադրվում է այն բանում, որ նա`նախկինում 8 անգամ դատապարտված լինելով, պատիժը կրելու ընթացքում, ունենալով 7 տարի 14 օր պատժի չկրած մաս, կատարել է նոր հանցագործություն:
Վերջինս երեկոյան 12:50-ի սահմաններում՝ աղմկել է իր խցում, բռունցքներով հարվածներ հասցրել խցի դռանը, սեռական բնույթի հայհոյանքներ կատարել աշխատակիցների հասցեին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել անվտանգության ապահովման բաժնի մասնագետի նկատմամբ` ձեռքին եղած միանգամյա օգտագործման սափրիչի ածելիով` խցի սննդի փոխանցման համար նախատեսված դռնակից հարվածել նրա աջ նախաբազկին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ տուգանային մեկուսարան տեղափոխելու ընթացքում էլ դիմադրել է հիմնարկության աշխատակիցներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Գործով տուժող Արմեն Գ.-ն իր ցուցմունքում հայտնել է, որ 2006թ-ից աշխատել է X ՔԿՀ-ում` որպես անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ: Աշխատանքը եղել է հերթափոխային: Դեպքի օրը սահմանված գրաֆիկի համաձայն հերթապահել է X մասնաշենքում: Ժամը 23.50-ի սահմաններում թիվ 1 խցի դատապարտյալ Կարեն Հ.-ն աղմկել է իր խցում, հարվածներ հասցրել դռանը, կանչել հերթապահին: Երբ ինքը բացել է խցի սննդի փոխանցման համար նախատեսված դռնակը` դատապարտյալը ձեռքին եղած միանգամյա օգտագործման սափրիչի ածելիով հարվածել է աջ ձեռքին` վնասել բազուկը: Ինքը արագ հետ է քաշել ձեռքը, փակել դռնակը և անմիջապես կատարվածի մասին զեկուցել հիմնարկության պատասխանատու հերթապահին: Քիչ անց մասնաշենք են եկել օրվա պատասխանատու հերթապահը, նրա օգնականը և աշխատակիցը: Ինքը նրանց զեկուցել է կատարվածի մասին: Այդ պահին դատապարտյալ Կարեն Հ.-ն դեռևս շարունակել է աղմկել խցում, հարվածներ հասցրել դռանը, հայհոյանքներ կատարել իր և հիմնարկության աշխատակիցների հասցեին: Պատասխանատու հերթապահը կարգադրել է պատժախուց տեղափոխել նրան: Սակայն Կարեն Հ.-ն չի ցանկացել պատժախուց տեղափոխվել, դիմադրություն է ցույց տվել, աղմկել, հայհոյանքներ կատարել հիմնարկության աշխատակիցների հասցեին, չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին: Ստեղծված իրավիճակից ելնելով, ներքին կանոնակարգի համաձայն, իրենց լիազորությունների շրջանակներում ստիպված են եղել նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոց` ռետինե մահակ, դատապարտյալի անօրինական գործողությունները կասեցնելու և դիմադրությունը հաղթահարելու համար: Դրանից հետո նոր հնարավոր է եղել դատապարտյալին մեկուսացնել: Քիչ անց եկել է հիմնարկության հերթապահ բուժակը և օգնություն ցույց տվել իրեն:
Առաջադրված մեղադրանքում Կարեն Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, պատճառաբանելով, որ դեպքից անցել է ութ ամիս և ինքը ոչինչ չի հիշում, բացի այդ օգտվում է ամբաստանյալի իր իրավունքից: Սակայն մեղադրողի հարցերին պատասխանելիս նա ընդունել է, որ իրոք իր մոտ եղել է միանգամյա օգտագորման սափրիչի ածելի, որը մշտապես կա և իրենք` դատապարտյալները, դա օգտագործում են որպես ինքնապաշտպանական միջոց: Հաճախակի ինքը իր բազուկային մասերը կտրելու միջոցով դուրս է գալիս հոգեկան լարված վիճակից և հաստատեց, որ խուզարկության ժամանակ իրոք իր մոտից հայտնաբերվել է սափրիչի ածելի:
Ուսումնասիրելով գործում առկա ապացույցները դատարանը վճռել է Կարեն Հ.-ին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 319 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի համաձայն նոր նշանակված պատժին մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված չկրած պատժից 6 տարի ժամկետով ազատազրկումը և ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով:
Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: