ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը արձագանքել է 2018 թվականի օգոստոսի 6-ին լրատվական կայքերից մեկի հրապարակմանը, նշելով՝ «Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող հոդված է։ Դրա կապակցությամբ Դատախազությունը հայտնել է հետևյալը.
Նախ, դեռևս 2018 թվականի հունիսի 10-ին լրատվական կայքում հրապարակվել էր «Լուսացույցի տակի անցորդը ծպտյալ դատախա՞զ է եղել, թե՞ օգնական» վերտառությամբ հոդված, որը, ինչպես և վերոնշյալ հոդվածը, ապատեղեկատվություն է պարունակում ամբաստանյալ Հովհաննես Թադևոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքների վերաբերյալ: Այդ գործի դատաքննության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել բավական հանգամանալից և բովանդակային հաղորդագրությամբ։
Ակնհայտ է, որ 2018 թվականի օգոստոսի 6-ին հրապարակված հոդվածը նախորդ հոդվածի չստացված շարունակությունն է՝ ընդ որում մատուցվող ինֆորմացիայի կեղծման արհեստավարժության առումով մի քանի անգամ առավել կատարելագործված, կրկին հետապնդելով նախկին շարժառիթները՝ հորինված ու գոյություն չունեցող խեղաթյուրված փաստարկներով հասարակությունում հնարավորինս արատավորել Դատախազության և կոնկրետ դատախազների հեղինակությունը, թեկուզև նույն հասարակությանը խաբելու և մանիպուլացնելու գնով։
Հարկ է նշել, որ հոդվածում մատնանշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի հունիս ամսին պաշտոնական գրությունով տեղեկացրել էր տվյալ լրատվամիջոցին՝ տարածված տեղեկությունների կեղծ ու խեղաթյուրված լինելու մասին՝ ներկայացնելով իրականությունը։ Մինչդեռ, փաստորեն, նշված հոդվածի հեղինակը ոչ միայն անհրաժեշտ հետևություններ չի արել տրված պաշտոնական պարզաբանումից, այլև, արդեն իսկ նման պայմաններում համապատասխան հերքում տալու փոխարեն, շարունակում է հասարակությանը մատուցել իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն, ինչը միանգամայն քննադատելի է և հարիր չէ լրագրողների մասնագիտական վարքագծին։
Մինչդեռ, ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցի կայքում զետեղված հոդվածում ներկայացված այն դատողությունը, թե Հ. Թադևոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները վարույթն իրականացնող մարմնի կողմից խեղաթյուրվել են, ոչ այլ ինչ է, քան առաջին ատյանի դատարանի՝ արդեն իսկ բեկանված դատավճռից վերցված անհիմն պնդում: Այդ պնդումը հերքվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտով, որով Հ. Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված կատարված խուլիգանություն) նախատեսված հանցանք կատարելու համար։ Հոդվածի հեղինակը, հանիրավի ցեխ շպրտելով կոնկրետ պաշտոնատար անձանց գործունեության վրա, որևէ կերպ չի փորձել ճշտել իր ստացած տեղեկությունների իսկությունը՝ տպավորություն ստեղծելով, որ բավարար չափով տեղյակ չէ գործի իրական հանգամանքներից: Հակառակ դեպքում դժվար չէր պարզել, որ դատախազ Արթուր Չախոյանը, ով ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, երբևէ որևէ առնչություն չի ունեցել հոդվածում նշված գործի թե՛ մինչդական, թե՛ դատական վարույթի հետ։ Հոդվածում նշված այն կեղծ պնդումը, թե քրեական գործը դատախազ Ա.Չախոյանը փոխանցել է դատախազ Մ.Նալբանդյանին, որ վերջինս տանի դատարան և այն պաշտպանի, պարզապես զավեշտ է և հոդվածի հեղինակի վառ երևակայության արդյունք։
Հարկ է ևս մեկ անգամ կրկնել, որ դատախազ Ա.Չախոյանը, աշխատելով դատախազության վերոնշյալ ստորաբաժանումում, որևէ կերպ չէր կարող ներգրավված լինել այդ քրեական գործի քննությանը, առավել ևս այն փոխանցել մեկ այլ դատախազի, ում վերադաս դատախազն ինքը չի հանդիսանում։ Հատկանշական է նաև այն, որ հոդվածի հեղինակը որևէ փաստական տվյալ կամ փաստաթղթային հիմնավորում այդպես էլ չի ներկայացնում այն մասին, որը կհիմնավորեր Ա.Չախոյանի առնչությունը նշված գործին՝ իր խեղաթյուրված պնդումները թողնելով միայն բամբասանքների տիրույթում։ Ակնհայտ է, որ հեղինակը տարրական պատկերացումներ չունի ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, դատախազների աշխատանքների նկատմամբ վերահսկողության, դատախազի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության գործառույթների վերաբերյալ, ինչը կարելի էր պարզել առնվազն ՀՀ դատախազության մասին օրենքը թեկուզ մեկ անգամ ընթերցելով։
Ավելին, հոդվածի հեղինակը, տարվելով դատախազի աշխատանքը սևացնելու առաքելությամբ, անգամ հարկ չի համարել Հ.Թադևոսյանի՝ որոշակի ժամանակ բանտում անցկացնելու մասին գրելուց առաջ նախ պարզել նրա նկատմամբ սահմանված իրական պատժատեսակը: Որովհետև իրականում Հ. Թադևոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, այսինքն՝ նրան ազատազրկում չի սպառնում։ Մինչդեռ իրականությունը հենց այդպես ներկայացնելը, փաստորեն, ձեռնտու չի եղել հոդվածի հեղինակին, քանզի հուզական ֆոն և ընթերցանություն ապահովելու համար անպայման պետք էր ստել և տարածել, թե երիտասարդ ամբաստանյալին բանտ են նստեցնում։
Մինչդեռ, ևս մեկ անգամ կրկնում ենք, որ հրապարակումը, նաև արժանահավատության տեսանկյունից, հաստատապես կշահեր, եթե մեր գործընկերը զերծ մնար ինչ-ինչ նպատակներով իրականությունը հանրությանը խեղաթյուրված ձևով ներկայացնելու և սխալ կարծիք ձևավորելու գործելաոճից՝ առաջնորդվելով անաչառության և առնվազն մյուս կողմի, տվյալ դեպքում մեղադրող կողմի տեսակետները ներկայացնելու միջոցով համակողմանիության ապահովման լրագրության հիմնարար կանոններով: