Դատախազությունը 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք է արձանագրել: Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ:
Դատախազության ստորաբաժանումների կողմից ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով ստուգել դրանցում ներկայացվող հանգամանքները և նյութերի նախապատրաստմամբ պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը: Դրանցից 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝
1. Ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ Նոր Նորքի խաչմերուկում անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա մազերից, պոկել պայուսակի քուղը:
«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
2. Ապրիլի 21-ին «CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
3. Ապրիլի 21-ին ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ բռնություն է գործադրվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունն ինչպես հրապարակումները, այնպես էլ հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։
Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննության ընթացքում տվյալներ ներկայացրել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Կատարված համապատասխան քննչական գործողություններից հետո տվյալ անձին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությունը շարունակվում է։
4. Ապրիլի 19-ին «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել այս մասին, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց իր լրագրողական աշխատանքը կատարելիս՝ լուսանկարելիս, բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով երկու անձի կողմից։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։
Հաղորդման հիման վրա լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ուղարկվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: ՏիրայրՄուրադյանը ճանաչվել է տուժող։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
5. Ապրիլի 20-ին Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին որ Երևան-Աբովյան մայրուղում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, չնայած լրագրողի վկայականը ներկայացնելուն, իրեն բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հեռացրել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձրել են նույն վայրը: Դեպքի առթիվ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տ. Մուրադյանը ճանաչվել է տուժող:
6. Ապրիլի 22-ին ահազանգ է եղել այն մասին, որ նույն օրվա գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում կատարվող իրադարձությունները հեռախոսով նկարահանելու միջոցով իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանը՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայացրել է լրագրողի վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։ Այս մասին հաղորդում է ներկայացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: Դեպքի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում ՀՀ ՀՔԾ-ում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Անատոլի Եղիազարյանը ճանաչվել է գործով տուժող և հարցաքննվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական, քննչական և այլ դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
7. Ապրիլի 22-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը հարձակում է գործել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, հարվածել է նրա ձեռքին և գցել տեսախցիկը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Այդ կերպ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
8. Ապրիլի 17-ի ուշ երեկոյան էեկտրոնային լրատվամիջոցները տեղեկատվություն են հրապարակել ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա մի խումբ անձանց կողմից հարձակման և բռնության ենթարկվելու, նրանց լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել օպերատորի տեխնիկան: Մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կատարելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի նախ՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, ապա գործի նյութերով՝ 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
9. 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանությանն ահազանգել է «Հանրային ռադիո» ՓԲԸ-ի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հայտնելով, որ ուղիղ հեռարձակմամբ տեսել է, թե ինչպես են Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Հարսնաքար» ռեստորանի մոտ դիմակավորված անձիք ծեծում ռադիոկայանի աշխատակից, լրագրող Վրույր Թադևոսյանին: Նույն օրը երեկոյան վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևանի Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում լրագրողական պարտականություններն իրականացնելիս դիմակավորված քաղաքացիական հագուստով անհայտ անձիք մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել են իր ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իր ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս: Լրագրողը նշել է նաև, որ հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը, «Samsung Galaxy J7» բջջային հեռախոսը, ինչով խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը: Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Լրագրողին հասցված վնասի չափը պարզվում է: Լրագրողը ճանաչվել է տուժող նաև նշանակվել են դատաապրանքագիտական և դատաբժշկական փորձաքննություններ: