Դեվինարն ընդդեմ Սլովենիայի 

Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։

Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի վարչական մարմիններին՝ իրեն հաշմանդամության կենսաթոշակ հատկացնելու պահանջով։

Բժիշկները հետազոտել են Դիմումատուին, և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելուց հետո Դիմումատուի ներկայացրած դիմումը մերժվել է՝ ախտաբանական խախտումների բացակայության հիմքով։  Դիմումատուն բողոքել է, որ բժշկական եզրակացության մեջ սխալ է տեղի ունեցել և դիմում է ներկայացրել՝ անկախ փորձագետ նշանակելու և կրկին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու համար։

2012 թվականին  Դիմումատուն բողոք է ներկայացրել Սլովենիայի ներպետական դատական ատյաններին՝ վարչական մարմինների կայացրած որոշումը բողոքարկելու և վարույթ հարուցելու նպատակով, սակայն ապարդյուն։ Դիմումատուի գործը բանավոր ընթացակարգով քննելուց հետո, ինչպես նաև, հաշվի առնելով վարչական մարմինների կայացրած նախորդ որոշումները և Դիմումատուի բժշկական հետազոտության եզրակացությունը՝ Սլովենիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի բողոքը։ Այնուամենայնիվ, 2014 թվականին վերջինս կրկին փորձել է բողոք ներկայացնել Սլովենիայի Սահմանադրական դատարան, սակայն այն չի ընդունվել և չի քննվել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։