ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
2017թ. դեկտեմբերի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նախորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող օպտիկական սրահներից մեկից հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել են ՍՊԸ-ի կնիք, փաստաթղթեր, բանկային քարտ: Պարզվել է, որ քաղաքացու գողացված բանկային քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված գլխարկով, սև բաճկոնով երիտասարդին հայտնաբերելու եւ նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ քրեական գործի տվյալների՝ գործարքը կատարելիս նշված տղամարդը միայնակ չի եղել։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: