«Եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք՝ ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ». վարչապետ

Այսօր Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների միջև:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հանքի շահագործումը չի ազդի ջրային համակարգի վրա և չի ունենա այլ ազդեցություններ: Բացի այդ այն չի ազդի նաև Ջերմուկի առողջարանային կենտրոնի վրա:

«Այս գործընթացն սկսվել է շատ երկար՝ 12 տարի, և, եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք՝ ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ահռելի ծախս է կատարվել, ու դա կատարվել է դե յուրե ՀՀ կառավարության թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ խախտվել է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքերով իրեն ասել են, որ կարող է լինել այնպիսի վարկած, որ այս ամբողջ պատմության իմաստն ինչ-որ իրավիճակ ստեղծելն է, որով Հայաստանը կներքաշվի մեծ դատական գործերի մեջ: Սակայն ներկաները բացականչեցին, որ նման բան չկա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չունի որևէ շահագրգռվածություն այս հարցում և իր համար գերակա է Հայաստանի Հանրապետության շահը։ Վերջինս առաջարկեց փորձաքննություն նշանակել հանքի բացասական ազդեցությունը պարզելու համար:

Ցուցարարները հայտնեցին, որ համաձայն են, եթե ժամանակավորապես դադարեցվեն աշխատանքները հանքի տարածքում, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ համաձայն չեն, քանի որ դա վնասում է իրենց ընկերությանը։

Երկար քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շտապում է և բոլորի տեսակետները պարզ է:

«Կառավարությունն այս խնդիրը կքննարկի և կհայտնի իր դիրքորոշումն այս հարցի վերբերյալ»,- ասաց նա: