Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:

2018 թվականի մարտի 20-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում,  ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխվել եղբայրներ՝ 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանը՝«որովայնի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Մանվել Հակոբյանը՝ «կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են 2018թ. մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եղբայրները ճանաչվել են տուժող։

Նախնական տվյալներով՝ Հակոբյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1984թ. և 1990թ., ովքեր ևս եղբայրներ են։ Կասկածյալները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ