Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը:
Մասնավորապես, նոյեմբերի 25-ին ՀՔԾ որոշմամբ ԱԺ դարպասների մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործը մերժվել է ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։ Ըստ ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապես Վ.Գ. Ավետիսյանի՝ գործը կարճելու մասին որոշման՝ «ՀՀ պետական պահպանության ծառայության պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածով, 164-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և թիվ 61207214 քրեական գործով վարույթը կարճել՝վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։
Համաձայն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչի եզրակացության՝ «Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ եւ 186-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերը»։
Գլխավոր դատախազության՝ այսօր տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից»:
ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար:
Գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ արդեն՝ սեպտեմբերի 22-ին, մերժել էր «Ա1+»-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առիթով քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հատուկ քննչական ծառայության որոշումը և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Ս. թ. սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիայից ժամանակ ԱԺ գլխավոր մուտքի դարպասներին փակցված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը փորձել էր հրել նկարահանում կատարող՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին: Վերջինիս՝ որպես լրագրող ներկայանալուց հետո Հայրապետյանը հարվածել էր նրա ձեռքին և գցել նկարահանող սարքը: Այնուհետև Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, սակայն վրիպել էր:
Մեկնաբանություններ