Բռնաբարություն Սյունիքի մարզում. 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը. առաջադրվել է մեղադրանք:

2017 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 05:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ծեծել, ապա բռնաբարել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1977թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 40-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է նրա տուն։ Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել կնոջ նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն դեկտեմբերի 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն  ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`  դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ